Նիկոյան Սամվել Պարգևի

Նիկոյան Սամվել Պարգևի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր

Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզում):

1982թ. ավարտել է ներկայիս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ: 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը:

1982-1990թթ. աշխատել է Երեւանի հիդրոապարատների գործարանում` ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ.` Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպչական բաժնի վարիչ, 1998-2001թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է:

2001-2003թթ.` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ:

2007-2012թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 2008-2012թթ.` Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար: 19.06.2007-18.05.2009թթ.` Ազգային ժաղովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: 18.05.2009-06.12.2011թթ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 06.12.2011-31.05.2012թթ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2005 թվականին հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: