Ավետիսյան Արա Սերգեյի

Ավետիսյան Արա Սերգեյի

Արա Սերգեյի Ավետիսյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 14-ին Հայկական ՍՍՀ Թալինի շրջանի Վերին Թալին ավանում:

1965-1975թթ. սովորել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1975թ. գերազան-ցությամբ ավարտելով դպրոցը` նույն տարում ընդունվել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ` մեխանիկայի բաժին:

1980-1982թթ. Արա Ավետիսյանն աշխատել է ՀՍՍՀ Արդյունաբերական շինարարության նախարարության Նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում` որպես ճարտարագետ-նախագծող:

1983թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրա: 1986թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1986-1996թթ. Ա. Ավետիսյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, սկզբում` որպես կրտսեր գիտաշխատող (1986-1988թթ.), ապա` ավագ գիտաշխատող (1988-1996թթ.):

1991թ. նրան շնորհվել է ավագ գիտական աշխատակցի գիտական կոչում Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա մասնագիտությամբ: 1998թ., պաշտպանելով դոկտորական ատենախոսություն, Ա. Ավետիսյանը ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Սկսած 1996-ից` Արա Ավետիսյանն իր աշխատանքային գործունեությունը ծավալել է ՀՀ ԿԳ նախարարությունում, սկզբում` որպես միջնակարգ կրթության վարչության պետ, ապա` նախարարի տեղակալ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ու գիտության ոլորտների համակարգման գծով:

Նախարարությունում աշխատելու տարիներին համատեղության կարգով շարունակել է աշխատել ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում` որպես առաջատար գիտաշխատող և դասավանդել ԵՊՀ-ում` որպես Հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր:

2005թ. մինչ օրս ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագիրն է: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք):

2011թ. հուլիսին նշանակվել էր ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար:

2011թ. սեպտեմբերի 3-ին ՀՊՃՀ խորհրդի նիստում կայացած քվեարկության արդյունքում ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր: