Նավասարդյան Աշոտ Ցոլակի

Նավասարդյան Աշոտ Ցոլակի

ՀՀԿ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ

Տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող Ազգային Միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ՝ նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ եւ հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։ Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում եւ ճամբարներում։ 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը եւ 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։ 1989-ին հիմնադրել եւ ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության համար մղված մարտերին‘ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի …
Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։
1990-ին ընտրվելով ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին։ Եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1995-ից Ազգային ժողովի պատգամավոր էր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։
1996թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին եւ ստացել ռազմավարի որակավորում։ Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997թ. նոյեմբերի 3-ին։