Թովմասյան Հրայր Վարդանի

Թովմասյան Հրայր Վարդանի

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1970թ. հուլիսի 8, Արարատի մարզի Դարակերտ գյուղում։

1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում եւ ստացել իրավաբանի որակավորում։

1996-1998թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ եւ պատրաստել է թեկնածուական ատենախոսություն:

2000 թվականին Երեւանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1996-2001թթ. աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։

2001թ.ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։

1998 թվականից դասախոսել է «Ռուս-հայկական պետական /Սլավոնական» եւ «Գլաձոր» համալսարաններում։

2001-2010թթ. աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում՝ որպես իրավաբան։

2010 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում, որպես իրավախորհրդատու։

2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նույն դպրոցի շրջանավարտն է։

2010 թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ արդարադատության նախարար

2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

 2013-2014թթ. - ՀՀ արդարադատության նախարար:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մայիսի 26-ին Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Հեղինակել է տասնյակից ավելի գիտական հոդվածներ եւ ձեռնարկներ.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» (Իրավունք 2010), «Ընտրական վեճերը ՀՀ-ում» /գիտագործնական ձեռնարկ/ (Ասողիկ 2007), «Հարցեր եւ պատասխաններ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» (Երեւան 2007), «Ընտրական օրենսդրության եւ ընտրական վարչարարության մասին» (Երեւան 2007) եւ այլն։

Մասնակցել է ՀՀ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունների նախագծի մշակմանը, ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Հանրաքվեի» մասին օրենքի, «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին», «Հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» եւ մի շարք այլ օրենքների նախագծերի համահեղինակն է:

Ղեկավարել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի եւ «Վարչական դատավարության» օրենսգրքի նախագծերի մշակման` միջազգային փորձագետներով համալրված աշխատանքային խմբերը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: