president_am
gov_am
parliament_am
parliament_nkr


ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՀԱՏ

  • Մարդկութիւն: Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի: Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ: Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել: Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:
 

Եվրոպայի անջատողականները

Վերլուծություն: Շոտլանդացիները, կատալոնցիները, ֆլամանդացիները - բոլորը սպասում են, թե ինչ ցույց կտան ընտրությունները
Ընթացիկ տարին խոստանում է որոշիչ լինել Եվրոպական Միության երկրների տարածաշրջանային շարժումների համար, որոնք պայքարում են հանուն իրենց տարածաշրջանների անկախության։ Դատելով հարցումների արդյունքներից՝ բավականին ամուր են Շոտլանդական ազգային կուսակցության /ՇԱԿ/ դիրքերը։ Վերջինս փորձում է անկախանալ ՄԵծ Բրիտանիայից, ընդ որում, Շոտլանդիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան արդեն մայիսի 3-ին։ Եւս մեկ ամիս անց Բելգիայում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ։ Բելգիայի ֆրանսախոս հատվածից ամբողջովին առանձնանալուն կողմ հանդես եկող ֆլամանդացի ազգայնականների «Ֆլամանդացիների շահերը» կուսակցությունն ունի այդ ընտրություններում երկրի ֆլամանդական հյուսիսի ձայների մոտ ¼-ը ստանալու բոլոր հնարավորությունները։ Իսպանիայում ընդդիմությունն առաջ է մղում իշխանական լիազորությունների մի մասը Կատալոնիայի տարածաշրջանային իշխանություններին փոխանցելու նախագիծը, որը, հաջողություն ունենալու դեպքում, կարող է ձեռնտու լինել այդ նահանգի լիակատար անկախությունը պահանջող շարժմանը։ Միեւնույն ժամանակ, անհաջողության մատնվեցին Մադրիդի կառավարության բոլոր փորձերը՝ ուղղված «Բասկերի հայրենիքն ու ազատությունը» բասկյան անջատողական կազմակերպության քաղաքական թեւի՝ «Միասնություն» կուսակցության հետ խաղաղ համաձայնության գալուն։ Անջատողականներն, ամենայն հավանականությամբ, հետագայում եւս կշարունակեն ճնշում գործադրել իսպանական կառավարության վրա։
Մյուս կողմից, Եվրոպայում բոլոր այդ եւ նմանատիպ շարժումներն ունեն հստակ սահմանված տնտեսական, մշակութային եւ պատմական արմատներ, որոնց պատճառով բավականին դժվար է դառնում ինչպես տարածաշրջանային անջատողականության աղբյուրը որոշելը, այնպես էլ նրանց՝ հաջողության հասնելու հնարավորությունները հաշվարկելը։

Ներքին եւ արտաքին հակասություններ
ԵՄ անդամ-երկրների ներսում էթնիկ կամ լեզվական հակասությունների առկայությունն, ինքնին, գործնականում ոչ մի իրական պատկերացում չի տալիս, թե ինչ շարժառիթներով են առաջնորդվում լրացուցիչ իրավունքներ պահանջող տարածաշրջանները։ Ֆեդերալիզմն իրեն հիանալի է զգում, օրինակ, Շվեյցարիայում, որտեղ էթնիկ գերմանացիները, ֆրանսիացիները եւ իտալացիները որոշում են, թե որ կուսակցության օգտին են քվեարկելու՝ հիմնվելով իրենց ներկայացված գաղափարախոսական, այլ ոչ թե էթնիկ դրույթների վրա։ Չնայած որոշակի բախումներին, հունգարական փոքրամասնություններն, ընդհանուր առմամբ, բավականին հաջող ներգրավվել են Ռումինիայի եւ Սլովակիայի քաղաքական գլխավոր հոսանքին, չնայած որ նրանք շարունակում են քվեարկել իրենց սեփական կուսակցությունների օգտին։ Բալթյան երկրներում ռուսական փոքրամասնությունները եւս առանձնակի անջատողական մղումներ չեն դրսեւորում։ Ուելսը սեփական լեզու ունի, սակայն այն ավելի քիչ հետաքրքրվածություն է ցուցաբերում անկախության հարցում, քան անգլիախոս Շոտլանդիան։ Ինչ վերաբերում է բասկերին, ապա չնայած Իսպանիայի բասկերը գտնում են, որ իրենց յուրահատուկ լեզուն եւ մշակույթը բավականաչափ հիմք են տալիս կենտրոնական իշխանությունից անջատվելու համար, չի կարելի ասել, որ Ֆրանսիայում բնակվող բասկերը լիովին կիսում էին Իսպանիայում բնակվող իրենց եղբայրակիցների հայացքները։
Բնավ միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվել կենտրոնական կառավարությունների փորձերը՝ խաղաղեցնել անկախության համար պայքարողներին՝ տնտեսապես ինքնուրույն տարածաշրջաններին ինքնավարություն /երբեմն շատ լայն ինքնավարություն/ տրամադրելով, կամ համազգային մակարդակում մեծացնելով այդ տարածաշրջանների ներկայացուցչությունը։ Ավելին, որոշ դեպքերում այդ գործընթացը հանգեցրել է նորանոր պահանջների առաջադրմանը։ Երբ իսպանական «Բասկերի Երկիրը» լայն ինքնավարություն ստացավ, ամենեւին չնվազեց լիովին անկախանալուն ուղղված շարժմանը ցուցաբերվող աջակցությունը, չնայած 2004 թ. բնակչությունը սկսել էր պակաս տրամադրվածությամբ պաշտպանել բռնի գործողությունների ռազմավարությունը։
Նույնքան անհասկանալի է վերջերս նոր թափ ստացած շոտլանդական անջատողականության շարժառիթը։ 70-ականներին Շոտլանդիայի լիազորությունների շրջանակի ընդլայնումը հիմնականում քննարկվել է այսպես կոչված «Վեսթ-Լոթիան շրջանից ստացված հարցի» ենթատեքստում, որի հեղինակը նշում է, որ այն դեպքում, երբ շոտլանդացի պատգամավորները մասնակցում են Անգլիային վերաբերող հարցերի քվեարկությանը, անգլիացի պատգամավորները ձայնի իրավունք չունեն Շոտլանդիայի կյանքի հետ անմիջականորեն կապված հարցերի քվեարկության ժամանակ։ 80-ական եւ 90-ական թվականներին, երբ քաղաքականության մեջ տիրապետող դիրք զբաղեցրեց Պահպանողական կուսակցությունը, որին Շոտլանդիայում քչերն են աջակցում, շոտլանդացիների շրջանակներում սկսեց աճել այն զգացումը, որ իրենք կառավարվում են փաստացիորեն օտար կառավարության կողմից։
Համարվում էր, որ սկսած 1997-ից, լեյբորիստների իշխանության գալով, այդ տրամադրությունները ինքնըստինքյան պետք է սկսեն թուլանալ, թեկուզ միայն այն պատճառով, որ խորհրդարանում եւ կառավարությունում շոտլանդացիները ներկայացված էին անհամամասնորեն ավելի մեծ թվով մարդկանցով։ Բացի այդ, 1999 թ. կառավարությունն ներկայացրել էր օրենք իշխանական լիազորությունների մի մասը շոտլանդական նոր խորհրդարանին փոխանցելու մասին։ Սակայն Շոտլանդիային դեպի ամբողջական անջատում մղող տրամադրություններն այսօր ամենեւին էլ ավելի թույլ չեն, քան այն ժամանակ։
Նույն իրավիճակն է Բելգիայում. չնայած որ Ֆլանդրիան արդեն օգտվում է նշանակալի ինքնավարությունից, հունիսյան ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, սահմանադրությունը կփոխվի տարածաշրջանային ինքնավարությունն է՛լ ավելի ընդլայնելու օգտին։ Բասկերն արդեն գործնականում անկախ են Իսպանիայից, նրանք միայն իրավունք չունեն ինքնուրույն որոշել իրավաբանական անձանցից գանձվող հարկերը եւ իրականացնել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։
Ֆրանսիան հետեւողականորեն դիմադրում է բրետոնցիների եւ կորսիկացիների՝ նույն բանին հասնելու փորձերին, չնայած որ ե՛ւ առաջինները, ե՛ւ երկրորդները ժամանակ առ ժամանակ բռնության են դիմել, եւ դա կարծես թե իր պտուղներն է տալիս. երկու շարժումներն էլ այսօրվա դրությամբ ճգնաժամի մեջ են։ Սակայն իտալական Հյուսիսային լիգան, որը հայտարարում է, թե իրենց եւ Իտալիայի հարավի միջեւ մշակութային առումով ոչ մի ընդհանուր բան չկա, դադարեցրեց Իտալիան բաժանելու ուղղությամբ տարվող քարոզարշավը, երբ մտավ Սիլվիո Բեռլուսկոնիի կոալիցիայի կազմի մեջ։ Վերջինս Հռոմի իշխանության մեջ մնաց 2001-2006 թթ. ընթացքում։

Ձախերը աջերի դեմ, հարուստները՝ աղքատների
Շատ բարդ է հաշվարկել նաեւ այն, թե ապագայում տարածաշրջանային շարժումներն ու կենտրոնական կառավարությունները ինչպես կարող են ինչ-որ համաձայնության գալ ըստ նրանց՝ այս կամ այն երկրի քաղաքական տարածքում զբաղեցրած տեղի։ Ֆլամանդական ազգայնական շարժումը բազմաթիվ քաղաքական հարցերի կտրվածքով զբաղեցնում է ծայրահեղ աջ դիրքեր, սակայն սեփական ինքնավարությունը մինչեւ գրեթե /բայց ոչ ամբողջովին/ լիակատար անկախության չափերի հասցնել ցանկանում են բոլոր կուսակցությունները՝ սոցիալիստներից մինչեւ ազատականներ։
Իտալական Հյուսիսային լիգան վստահորեն զբաղեցնում է աջ թեւը, այն դեպքում, երբ բասկ անջատողականները նույնքան վստահաբար պահում են ծայրահեղ ձախ թեւը, ՇԱԿ-ի անդամները ձախակենտրոն են համարվում:
Առավել էական արդյունքների կարելի է հասնել, եթե անջատման թեման բարձրացնող տարածաշրջանները փորձենք դասավորել ըստ նրանց տնտեսական ինքնուրույնության եւ դաշնային համակարգերի /որոնց պայմաններում նրանք ներկա դրությամբ գոյություն ունեն/ կյանքի վրա ունեցած ազդեցության նվազման կարգի: Ստացվում է, որ եթե տարածաշրջանը աղքատ է, ապա այն, որպես կանոն, հարուստ պետությունից առանձնանալու հավակնություններ չունի, մինչդեռ հարուստ /կամ դրամական առումով, կամ ռեսուրսային/ տարածաշրջանները հիմնականում այլ կերպ են մտածում: Ֆլամանդացիները զգալի ուժ են Բելգիայի տնտեսության մեջ, եւ այդ պատճառով գտնում են, որ իրենց կապը ֆրանսախոս վալլոնների հետ արգելակում է իրենց սեփական զարգացմանը:
Հյուսիսային լիգան նույնպես ձգտում է անջատվել Իտալիայի ավելի աղքատ հարավից: Իսպանիայում ե՛ւ բասկերը, ե՛ւ կատալոնցիները, միջին հաշվով, ավելի շատ բան ունեն, քան իսպանացիները, իսկ չեխերը 1993-ին միայն ուրախ էին, երբ առավել աղքատ Սլովակիան իր ճանապարհով գնաց:
Ինչ վերաբերում է Շոտլանդիային, ապա այնտեղ մեկ շնչին հասնող եկամուտն ավելի պակաս է քան Անգլիայում: Նախկինում որոշ շոտլանդացի ազգայնականներ նույնիսկ ասում էին, որ հաշիվները հավասարեցնել կարելի է Հյուսիսային ծովում հայտնաբերված գազի պաշարները շահագործելու միջոցով, չնայած որ այսօր այդ պաշարներն արագորեն սպառվում են: Շոտլանդացիների սեփական տնտեսական բարեկեցության գիտակցման պատճառներից մեկը, ճիշտ է, ամփոփվում է նրանում, որ կենտրոնական կառավարությունը Շոտլանդիայում մեկ շնչի հաշվով ավելի շատ է ծախսում, քան Անգլիայում: Արժե նաեւ նշել, որ Շոտլանդիայի առանձնացումն ու անկախությունը կողմնակիցներ են գտնում նաեւ հենց Անգլիայում, հատկապես հարուստ շրջաններում, որտեղի բնակչությունը կենտրոնական կառավարության սուբսիդիաները չափազանց շատ է համարում եւ ասում է, որ իսկապես ժամանակն է, որ դադարեցվի այդ քաղաքականությունը:

Պոպուլիզմն ու ԵՄ-ը
Այսօրվա դրությամբ եվրոպական տարածաշրջանների անկախության համար շարժումների զարգացման գործում լուրջ առաջընթացին խոչընդոտում են երկու գործոն։ Առաջինն ու առավել կարեւորը կայանում է նրանում, որ դրանց չի սատարում բնակչության մեծամասնությունը նույնիսկ այն տարածաշրջաններում, որտեղ նրանք առավել ակտիվ են։ Այդ տարածաշրջանների բնակիչներն առավելապես ցանկանում են մնալ ներկա պետության քաղաքացիներ՝ դրանց շրջանակներում ունենալով այս կամ այն աստիճանի ինքնավարություն։ Նույնիսկ եթե տեղական օրենսդիր մարմնի ընտրություններում ՇԱԿ-ի դիրքերը էապես ամրապնդվեն, անկախության ցանկացած հանրաքվե, եթե ՇԱԿ-ին հաջողվի այն անցկացնել, ամենայն հավանականությամբ, ցանկալի արդյունքների չէր բերի։ Բելգիայում, ուր Ֆլանդրիայի անկախության պահանջին կողմնակցում է ոչ միայն «Ֆլամանդացիների շահերը» կուսակցությունը, ում քաղաքական հեղինակությունը, ի դեպ, ամենեւին էլ անբիծ չէ, բնակիչների մեծ մասը, միեւնույն է, ուզում է, որ պահպանվի Բելգիայի միասնական պետությունը, թեկուզ միայն նրա համար, որպեսզի պահպանեն իրենց թանկագին մայրաքաղաք Բյուսելը, որը գտնվում է երկրի ֆրանկախոս հատվածում։
Չնայած ոչ բռնի կերպով անկախություն ձեռք բերելու հայեցակարգը ճանաչում է վայելում բասկերի նշանակալի փոքրամասնության շրջանում, բասկյան տարածքների բնակչության մեծ մասը՝ հիմնականում բասկյան ծագում չունեցող մարդիկ, այնուհանդերձ, նախընտրում են Իսպանիայի հետ «թույլ դաշնային հարաբերություններ» ունենալ։ Այնպես որ, անգամ եթե բասկերն ինչ-որ ձեւով անկախություն ձեռք բերեին, դրա հետ մեկտեղ նաեւ հերթական դժգոհ փոքրամասնություն ձեռք կբերեին։
Բացի այդ, դժվար թե ԵՄ-ը հավանություն տա անդամ-երկրների ապաինտեգրացմանն ուղղված որեւէ քայլի։ Տարածաշրջանային շարժումները հաճախ ցույց են տալիս, որ ներկայումս որպես վերազգային ստատուս-քվո վիճակի պահապան հանդես է գալիս Եվրամիությունը, եւ այդ շարժումները հույս ունեն, որ այդ լույսի ներքո իրենց համար շատ ավելի հեշտ կլինի հարաբերություններ պարզել իրենց ազգային պետությունների հետ։ Սակայն ԵՄ-ը, դատելով ամեն ինչից, ավելի շատ մտահոգված է այն գործընթացներով, որոնք որեւիցե կերպ խաթարում են նրա սեփական փխրուն ինստիտուցիոնալ հավասարակշռությունը, էլ չխոսենք այն մասին, որ նման գործընթացները լրացուցիչ խոչընդոտ կդառնան փոխհամաձայնության գալու ճանապարհին, ինչն անհրաժեշտ է նոր միութենական սահմանադրություն ընդունելու համար։
ԵՄ արտաքին ընդլայնման գործընթացն արդեն կանգնեցված է, եւ հիմա Եվրոպան առավել եւս չի ողջունի ներքին ընդլայնումը՝ անկախ նրանից, թե ինչ տեսքով այն կներկայանա։
Եթե ուշադիր դիտարկենք վերը նշված բոլոր տարածաշրջանների տեղաբաշխվածությունը, տպավորություն է ստեղծվում, որ չնայած նրանց հավակնություններից որոշներն իսկապես ունեն պատմական հիմք, ներկա իրավիճակում նրանք բոլորն էլ օգտվում են զգալի առավելություններից։ Չնայած սկզբունքորեն պահպանվում է այն բանի հնարավորությունը, որ պետությունից տարածաշրջանի անջատվելու գեթ մեկ հաջող փորձը «գրգռիչ ազդեցություն» կունենա նմանատիպ մյուս տարածաշրջանների վրա, այդ շարժումներն ինքնին դեռեւս չունեն բավականաչափ քաղաքական ներուժ եւ ժողովրդի աջակցությունը՝ տեսանելի ապագայում իրենց ամբիցիաներն իրագործելու համար։ "The Economist"

  Վերադարձ

Վերջին լուրեր

Կարդացեք «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ամսագրի 82-րդ համարում՝

  • Գագիկ Տեր-Հարությունյան ԼՂՀ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
  • Ռուբեն Մելքոնյան ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
  • Վահրամ Հովյան ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
  • Արաքս Փաշայան ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
  • Հայկ Գաբրիելյան ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՍՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
  • Սեւակ Սարուխանյան ԻՐԱՆԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
  • Բենիամին Պողոսյան ԱՄՆ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ
  • Սուրեն Սարյան ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Սուրեն Մանուկյան ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ


/DEMYC/ անդամներին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:


«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպությանը ուցիչներին ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը


Դեմոկրատ երիտասարդների միությունը (DEMYC) իր հերթական հավաքը անց կացրեց Հայաստանի Հանրապետությունում:


ՏԻՄ ընտրություններ սեպտեմբեր


<<Բազե 2010>> երիտասարդական հավաք


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ ©Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Էջի սկիզբ