president_am
gov_am
parliament_am
parliament_nkr

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Մարզերում և Երևան քաղաքի թաղային համայնքներում ստեղծվում են կուսակցության տարածքային կազմակերպություններ: Սկզբնական կազմակերպության նախագահներն ի պաշտոնե տարածքային կազմակերպության խորհրդի անդամներ են:

5.2. Կուսակցության տարածքային խորհրդի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են կուսակցության տարածքային խորհրդի անդամների կազմից` բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Տարածքային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել տարածքային խորհրդի նախագահի և նրա տեղակալի վաղաժամկետ ընտրություն: Այն սկզբնական կազմակերպությունը, որի նախագահն ընտրվում է տարածքային խորհրդի նախագահ կամ նրա տեղակալ, ընտրում է նոր նախագահ: Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 20 օր առաջ կատարվում է տարածքային խորհրդի նախագահի և նրա տեղակալի նոր ընտրություն:

5.3. Կուսակցության տարածքային կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է խորհրդի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով:

5.4. Կուսակցության տարածքային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստն օրինական է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների 1/3-ի պահանջով: Կուսակցության տարածքային խորհուրդը իր գործունեության մասին հաշվետու է մարզային խորհրդին, հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ` կուսակցության տարածքային խորհրդի նախագահի կողմից: Կուսակցության տարածքային խորհուրդն իր դրամական եկամուտները փոխանցում է կուսակցության դրամարկղ: Մարզային խորհրդի որոշմամբ դրանք կարող են փոխանցվել տարածքային խորհրդի տնօրինությանը: Կուսակցության տարածքային խորհուրդը ծախսերի մասին հաշվետվությունը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է մարզային խորհրդին:

5.6. Երևան քաղաքի թաղային համայնքների տարածքային խորհուրդներն իրենց գործունեության մասին հաշվետվություն են ներկայացնում կուսակցության գործադիր մարմնին:

6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծվում են կուսակցական մարզային կազմակերպություններ, որոնք կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են: Մարզային խորհուրդը կազմվում է մարզի տարածքում գործող տարածքային կազմակերպությունների նախագահներից և նրանց տեղակալներից:

6.2. Կուսակցության մարզային խորհրդի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են մարզային խորհրդի անդամների կազմից` բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Մարզային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել մարզային խորհրդի նախագահի և նրա տեղակալի վաղաժամկետ ընտրություն: Այն տարածքային կազմակերպությունը, որի ղեկավարն ընտրվում է մարզային խորհրդի նախագահ կամ նրա տեղակալ, ընտրում է նոր ղեկավար: Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 15 օր առաջ մարզային խորհուրդը կատարում է մարզային խորհրդի նախագահի և նրա տեղակալի նոր ընտրություն:

6.3. Կուսակցության մարզային կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է խորհրդի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով:

6.4. Կուսակցության մարզային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստն օրինական է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Մարզային խորհրդի որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով:

6.5. Կուսակցության մարզային խորհուրդն իր գործունեության մասին հաշվետու է կուսակցության գործադիր մարմնին: Հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ` կուսակցության մարզային խորհրդի նախագահի կողմից:

6.6. Կուսակցության մարզային խորհուրդը վերահսկում է տարածքային կազմակերպությունների աշխատանքները: Կուսակցության մարզային խորհուրդը կարող է լուծարել կուսակցության սկզբնական կազմակերպությունը` իր նախաձեռնությամբ կամ կուսակցության տարածքային կազմակերպության առաջարկով: Կուսակցության մարզային խորհուրդը կուսակցության տարածքային կազմակերպության լուծարման հարցը կարող է ներկայացնել կուսակցության գործադիր մարմին:

7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

7.1. Կուսակցության խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել և լուծարվել կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներ:

8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

8.1. Կուսակցության համագումարը կուսակցության բարձրագույն մարմինն է, որի ընդունած որոշումները պարտադիր են կուսակցության մարմինների և անդամների համար:

8.2. Կուսակցության հերթական համագումարը հրավիրում է կուսակցության մշտական գործող մարմինը առնվազն երկու տարին մեկ անգամ: Կուսակցության գործադիր մարմնի որոշմամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար: Հերթական համագումարի հրավիրումից մեկ ամիս առաջ կուսակցության նախագահը հրավիրում է կուսակցության գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվում է համագումարի օրակարգի նախագիծը:

8.3. Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը որոշում է կուսակցության գործադիր մարմինը` ելնելով կուսակցության անդամների ընդհանուր թվից: Պատվիրակները առաջադրվում են սկզբնական կազմակերպությունների ժողովներում: Համագումարն իրավազոր է, եթե ներկա է (գրանցված է) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Կուսակցության կանոնադրության ու ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկա (գրանցված) պատվիրակների ձայների առնվազն 1/3-ի պահանջով:

8.4. Կուսակցության համագումարը`

  • լսում և հաստատում է կուսակցության նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին.
  • քննարկում և հաստատում է կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը և դրանցում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները.
  • ընտրում է կուսակցության նախագահ.
  • ընտրում է կուսակցության գործադիր մարմին և խորհուրդ.
  • որոշում է կուսակցության ռազմավարական քաղաքական ուղին, կուսակցության նպատակների և խնդիրների իրագործման գործելակերպը.
  • լսում և հաստատում է կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը.
  • կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման համար ընտրում է կուսակցության վերստուգիչ հանձնաժողով, հաստատում է վերստուգիչ հանձնաժողովի անդամների թիվը: Վերստուգիչ հանձնաժողովի անդամը կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի անդամ լինել չի կարող: Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն ընտրում են հանձնաժողովի նախագահ: Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է միայն կուսակցության համագումարին.
  • որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին.
  • որոշում է ընդունում կուսակցության լուծարման մասին: Լուծարման հարցը համագումարի օրակարգ կարող է մտցվել կուսակցության խորհրդի անդամների 2/3-ի կողմից ընդունված որոշմամբ: Լուծարման մասին որոշումն ընդունվում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելուց հետո ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները` համաձայն համագումարի որոշման:
    Կուսակցությունը ենթակա է լուծարման նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ ©Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Էջի սկիզբ