president_am
gov_am
parliament_am
parliament_nkr

9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

9.1. Կուսակցության նախագահն ընտրվում է համագումարի կողմից` երկու տարի ժամկետով: Կուսակցության նախագահի թեկնածություններն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Կուսակցության նախագահ է ընտրվում գաղտնի քվեարկության արդյունքում համագումարի պատվիրակների առավել ձայներ ստացած թեկնածուն:

9.2. Կուսակցության նախագահը, կուսակցության գործադիր մարմնի անդամների կազմից կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության նախագահի տեղակալների թեկնածությունները: Կուսակցության նախագահի բացակայության դեպքում տեղակալներից մեկը կուսակցության նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կուսակցության նախագահի լիազորությունները:

9.3. Կուսակցության նախագահը`

  •  ներկայացնում է կուսակցությունը, նրա շահերը և դիրքորոշումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, քաղաքական և միջազգային կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում կամ դրա համար լիազորում է կուսակցության այլ անդամների.
  •  ի պաշտոնե կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի անդամ է.
  •  հրավիրում է կուսակցության խորհրդի կամ գործադիր մարմնի նիստ.
  •  ղեկավարում է կուսակցության գործադիր մարմնի աշխատանքները և նախագահում կուսակցության խորհրդի նիստերը.
  •  տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները.
  •  հաստատում է կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի որոշումները կուսակցության պաշտոնաթերթի և այլ պարբերականների հրատարակման մասին.
  • կազմավորում է իր աշխատակազմը.
  • կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ.
  •  կուսակցության անունից հաստատում (ստորագրում) է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
  •  սահմանում է կուսակցության նախագահի տեղակալների կողմից անմիջականորեն համակարգվող ոլորտները.
  •  իրականացնում է կուսակցության ընդհանուր ղեկավարումը.
  •  կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործադիր մարմնի առաջարկները.
  •  կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործադիր մարմնի հավանությանն արժանացած` Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող ՀՀԿ թեկնածուներին, կուսակցության հանձնաժողովների նախագահների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները:
  • Կուսակցության պաշտոնական դիրքորոշումը արտահայտում են կուսակցության նախագահը, նախագահի տեղակալները և Ազգային ժողովում` ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

10.1. Կուսակցության ներկայացուցչական մարմինը կուսակցության խորհուրդն է: Կուսակցության խորհուրդն ընտրվում է կուսակցության համագումարում: Կուսակցության խորհրդի անդամության թեկնածություններն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից:
Կուսակցության խորհուրդը համարվում է կազմավորված, եթե ընտրված է նրա անդամների առնվազն 2/3-ը:

10.2. Կուսակցության խորհրդում կարող են ընդգրկվել կուսակցության գործադիր մարմնի անդամները, կուսակցության անդամ պատգամավորները և կառավարության անդամները, կուսակցության մարզային խորհուրդների, Երևան քաղաքի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները, կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցության խորհրդի անդամների թիվը որոշում է կուսակցության համագումարը: Կուսակցության խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Ընտրված են համարվում համագումարի պատվիրակների առավել կողմ ձայներ ստացած թեկնածուները:

10.3. Կուսակցության խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն չորս ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

10.4. Կուսակցության խորհրդի անդամը կարող է կասեցնել իր գործունեությունը խորհրդում: Կուսակցության խորհրդի անդամի գործունեության կասեցման հարցը կարող է քննարկվել նաև կուսակցության նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով: Որոշումը կայացվում է կուսակցության խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ով, բաց քվեարկությամբ: Կուսակցության խորհուրդն իրավազոր է, եթե պահպանվում է նրա կազմի առնվազն 2/3-ը:

10.5. Կուսակցության խորհուրդը`

  • հրավիրում է կուսակցության արտահերթ համագումար.
  • վերահսկում է կուսակցության համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքները.
  • վերահսկում է համագումարի և իր որոշումների կատարումը.
  • հաստատում է գործադիր մարմնի կողմից մշակված և ներկայացված` կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, ծրագրային և կանոնադրական փաստաթղթերի նախագծերը, կուսակցության մարտավարական սկզբունքները, կուսակցության անունից անում է հայտարարություններ և առաջարկություններ.
  • հաստատում է Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության գործունեության հիմնական ուղղությունները, լսում է գործադիր մարմնի տարեկան հաղորդումը.
  • հաստատում է կուսակցության նախագահի կողմից առաջադրված կուսակցության նախագահի տեղակալների, կուսակցության հանձնաժողովների նախագահների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները.
  • քննարկում է Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության գործադիր մարմնի կողմից պատգամավորության թեկնածուների առաջադրումը.
  • հաստատում է կուսակցության նախընտրական ծրագիրը.
  • հաստատում է կուսակցության գործադիր մարմնի հավանությանն արժանացած` Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող ՀՀԿ թեկնածուներին, կուսակցության հանձնաժողովների նախագահների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները.
  • անհրաժեշտության դեպքում լսում է կուսակցության մարզային խորհուրդների հաշվետվությունները:

10.6. Կուսակցության խորհուրդը դադարեցնում է իր լիազորությունները հերթական կամ կուսակցության խորհրդի ընտրության օրակարգով հրավիրված արտահերթ համագումարի սկսվելու օրը:

11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

11.1. Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության գործադիր մարմինն է: Այն ընտրվում է կուսակցության համագումարում: Կուսակցության գործադիր մարմնի անդամության թեկնածուներն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Գործադիր մարմնի անդամների թիվը որոշում է համագումարը` նկատի ունենալով առաջիկա ժամանակահատվածում կուսակցության խնդիրները:

 Գործադիր մարմնի անդամների ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Ընտրված են համարվում համագումարի պատվիրակների առավել կողմ ձայներ ստացած թեկնածուները:

11.2. Կուսակցության գործադիր մարմինը`

  • կատարում է համագումարի և խորհրդի որոշումները.
  • քննարկում և լուծում է կուսակցության ընթացիկ գործունեությանն առնչվող խնդիրները.
  • մշակում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, կանոնադրական, ծրագրային և կուսակցության ռազմավարությանն առնչվող փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև կուսակցության մարտավարական սկզբունքները.
  • վերահսկում է կուսակցության մարզային, տարածքային, սկզբնական կազմակերպությունների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.
  • հավանություն է տալիս Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող ՀՀԿ թեկնածուներին, կուսակցության հանձնաժողովների նախագահների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածություններին.
  • տարեկան հաղորդում է ներկայացնում կուսակցության խորհրդին` իր գործունեության վերաբերյալ.
  • հրավիրում է կուսակցության հերթական համագումար և նախապատրաստում դրա անցկացումը.
  • կուսակցության արտահերթ համագումար է հրավիրում կուսակցության նախագահի, խորհրդի, մարզային կազմակերպությունների կեսից ավելիի, իր անդամների կեսից ավելիի առաջարկությամբ.
  • որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի առաջադրման վերաբերյալ կամ առաջադրված որևէ թեկնածուին պաշտպանելու մասին.
  • որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորության թեկնածուներ առաջադրելու մասին.
  • կուսակցության նախագահի առաջարկով որոշում է կայացնում կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման կամ լուծարման մասին և հաստատում է դրանց ղեկավարների թեկնածությունները.
  • կուսակցության մարզային խորհրդի առաջարկությամբ կարող է լուծարել կուսակցության տարածքային կազմակերպությունը.
  • իր նախաձեռնությամբ և կուսակցության նախագահի համաձայնությամբ կարող է լուծարել կուսակցության մարզային կազմակերպությունը.
  • տարեկան մեկ անգամ լսում է կուսակցության մարզային խորհուրդների հաշվետվությունները.
  • կուսակցության անունից անում է հայտարարություններ.
  • համակարգում և հսկողություն է իրականացնում կուսակցության լրատվամիջոցների և հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ.
  • իրականացնում է կուսակցության` որպես իրավաբանական անձի, լիազորությունները.
  • հաստատում է կուսակցության գույքի կառավարման կարգը և դրամական ծախսերի նախահաշիվը.
  • թույլատրում է պատրաստել հուշանվերներ` ՀՀԿ խորհրդանշանի պատկերով:

12. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

11.1. Կուսակցության սեփականությունը և դրամական միջոցները ձևավորվում և գոյանում են` անդամավճարներից, նվիրատվությունից, օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից, ինչպես նաև քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից:

11.2. Կուսակցության գույքը և դրամական միջոցները կուսակցության նախագահի կողմից լիազորվելու դեպքում կարող է տնoրինել կուսակցության գործադիր մարմնի անդամներից մեկը` ըստ կուսակցության գործադիր մարմնի կողմից հաստատված նախահաշվի:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ ©Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Էջի սկիզբ