president_am
gov_am
parliament_am
parliament_nkr


ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

1990թ. հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայ քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք անդամներ ուրույն տեղ ունեն ՀՀԿ ղեկավար կազմում: Այս առումով, ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի եւ Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները:

ՀՀԿ ծնունդը օրգանապես կապված է նաեւ 1988թ. ազգային ազատամարտի հետ:Այդ ազատամարտի սկզբում ձեւավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ ստեղծման համար: Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը դարձավ:

Սկզբում Անկախության Բանակը, ապա ՀՀԿ անդամերից բաղկացած ջոկատները ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման համար մղվող պայքարին:

1990թ. մայիսի 27-ին այդ ջոկատները եղան Նուբարաշենում խորհրդային զորքերին դիմադրողների առաջին շարքերում: Նրանք ակտիվ գործունեություն ծավալեցին նաեւ խորհրդային բանակի զենք-զինամթերքի ազգայնացման եւ դրանք ՀՀ սահմանամերձ շրջաններ տեղափոխելու ուղղությամբ:

ՀՀԿ-ն եղել է Հայաստանում առաջին զինվորական գերեզմանատան՝ Եռաբլուր պանթեոնի հիմնադիրներից մեկը:

Կուսակցությունն իր զգալի ներդրումն է բերել կամավորական զինված ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներին՝ նպաստելով հանրապետությունում կարգուկանոնի հաստատմանը, իսկ ՀՀ կանոնավոր բանակի կազմավորումից հետո հայտարարել է իր ապառազմականացման մասին:

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. ՀՀԿ նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո կուսակցությունը ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանը:

ՀՀԿ-ն գումարել է 9 հերթական (1992, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2005,2007,2009 թթ.) եւ 3 արտահերթ (1996, 2002, 2006 թթ.) համագումար: 1999-ից վերացվել է կուսակցության նախագահի պաշտոնը, որը վերականգնվել է 2005-ին:

Մշտապես կարեւորելով միջկուսակցական կապերը` ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է տարբեր քաղաքական դաշինքների ստեղծմանը: Կուսակցությունը եղել է Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ 1992թ. ձեւավորված «Ազգային դաշինքի» հիմնադիրներից մեկը: ՀՀԿ-ն իր մասնակցությունն է բերել 1993թ. կազմավորված Քաղաքացիական համաձայնության սահմանադրության խորհրդի աշխատանքներին:

1995թ.-ին ՀՀԿ մասնակցությամբ ստեղծվել է «Հանրապետություն» նախընտրական միավորումը, սակայն, Արցախի հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով 1998թ. փետրվարին ՀՀԿ-ն դուրս է եկել միավորման կազմից:

1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Հաշվի առնելով գաղափարախոսության եւ քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունը` ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածը ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը: 1999թ. Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ստեղծվեց «Միասնություն» նախընտրական դաշինքը:

1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո աննախադեպ աճեց ՀՀԿ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Եթե 1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Ազգային ժողովում` հինգ պատգամավորով, ապա 1999թ. ընտրված երկրորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ-ն ամենամեծ թվով (երեք տասնյակ) պատգամավորներ ունեցող կուսակցությունն էր: Գործելով խորհրդարանական մեծամասնության «Միասնություն» խմբակցության կազմում` ՀՀԿ-ն 1999թ. առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու կառավարության ձեւավորմանը: Վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որի գլխավորած կառավարությունում կար ՀՀԿ անդամ մի քանի նախարար:

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների արդյունքում` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: Նրա վարչապետության տարիներին ոչ միայն զգալի դրական տեղաշարժեր արձանագրվեցին երկրի տնտեսական ու պետական կառավարման համակարգերում, այլեւ էական աշխատանք տարվեց ազգային գաղափարախոսության կշիռը հասարակական եւ պետական կյանքում մեծացնելու ուղղությամբ:

Լինելով գաղափարական կառույց` ՀՀԿ-ն մշտապես կարեւորել է հասարակության մեջ իր գաղափարախոսության եւ դրանից բխող մոտեցումների տարածումն ու արմատավորումը: Այս նպատակին են հաջողությամբ ծառայել կուսակցության «Հանրապետական» պաշտոնաթերթը, «Ազգայնական» մատենաշարը, Ցեղակրոնությունը, Տարոնականությունը, Գարեգին Նժդեհի կյանքն ու գործը լուսաբանող, ազգային այլ թեմաներով բազմաթիվ քննական-վերլուծական գրքույկները, հիշատակի միջոցառումները, տոնախմբությունները, ուխտագնացությունները եւ այլն:

2001թ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ պետականորեն նշվեց Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակը. հանրապետության մի շարք կրթօջախներում, գիտական հաստատություններում պատշաճորեն նշվեց այդ տարեդարձը, հրատարակվեց Նժդեհի երկերի երկհատորյակը, Բուլղարիայից Հայաստան բերվեցին մեծ հայորդու գրչին պատկանող նորահայտ նյութեր եւ այլն:

2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:

Բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահին սատարող երեք քաղաքական ուժեր` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ Օրինաց երկիր կուսակցությունը ձեւավորեցին խորհրդարանական կոալիցիա եւ այն ամրագրեցին երեք կուսակցությունների ղեկավարների ստորագրած Հուշագրով:

Անդրանիկ Մարգարյանը շարունակեց ղեկավարել ՀՀ կառավարությունը, որտեղ ՀՀԿ առաջադրմամբ յոթ նախարար է պաշտոնավարում: ԱԺ նախագահի տեղակալը եւ ԱԺ մշտական վեց հանձնաժողովներից երեքի նախագահները եւս ընտրվեցին Հանրապետական կուսակցությունից:

2006թ. մայիսին խորհրդարանական մեծամասնության կազմից դուրս եկավ Օրինաց երկիր կուսակցությունը, եւ Ազգային Ժողովում տեղի ունեցան քաղաքական ուժերի վերադասավորումներ։ Խորհրդարանական մեծամասնության մաս կազմեցին նաեւ «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցությունը եւ «Ժողպատգամավոր» խումբը։ Արդյունքում՝ հունիսին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ։

2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը վերացվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

2007թ. մարտի 25-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները: Ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ:

2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին Հանրապետական կուսակցության օգտին քվեարկեց ՀՀ ընտրողների 33.9 %-ը: Արդյունքում ձևավորվեց ՀՀԿ խմբակցություն 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Հանրապետական կուսակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ստորագրեց կոալիցիոն, իսկ ՀՅԴ հետ՝ համագործակցության հուշագրեր:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվեց կառավարություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

2007թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 11-րդ հերթական համագումարը, որի ընթացքում կատարվեցին կանոնադրական որոշակի փոփոխություններ: Հանվեց Կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որպես կուսակցության մշտական գործող ղեկավար մարմին ընտրվեց ՀՀԿ գործադիր մարմինը, որպես կուսակցության ներկայացուցչական մարմին՝ ՀՀԿ խորհուրդը: ՀՀԿ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ: Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության և Օրինաց երկիր կուսակցության կողմից ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր, որի հիման վրա ձևավորվեց ՀՀ կառավարություն` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

2008թ. սեպտեմբերին, Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ:

2009թ. նոյեմբերին տեղի ունեցավ ՀՀԿ 12-րդ համագումարը, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:

Այսպիսով, լայնորեն ներգրավված լինելով պետական կառավարման համակարգում ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀԿ-ն շարունակում է Հայաստանի քաղաքական դաշտում մնալ՝ իբրեւ նպատակ, գաղափարախոսություն եւ կենսագրություն ունեցող ազդեցիկ ուժ:


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ ©Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Էջի սկիզբ