Ծնվել է 1951 թ. հունիսի 12-ին Երեւանում:
1972 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում:
1972-74 թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում գիտաշխատող, ավագ ինժեներ:
1977-78 թթ. աշխատել է Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում գլխավոր ինժեներ:
1978-79 թթ. աշխատել է Էլեկտրատեխնիկական գործարանում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ:
1979-90 թթ. աշխատել է Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում էլեկտրոնիկայի բաժնի վարիչ:
1990-94 թթ. աշխատել է Հատուկ ծրագրերի պետական վարչությունում ինֆորմացիայի բաժնի ղեկավար:
1994-95թթ աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կրտսեր գիտաշխատող:
1995 թ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը:
2000թ նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:
Ա.Մարգարյանը որպես ՀՀ Վարչապետ շարունակում է պաշտոնավարել նաեւ 2003 թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը:
Անդրանիկ Մարգարյանը իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Գ.Նժդեհի գաղափարները՝ 1966 թ.-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: 1968 թ.-ից եղել է խորհրդային տարիներին անլեգալ գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Իր գաղափարների տարածման եւ ծավալած գործունեության համար 1974 թ. ձերբակալվել է եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք եւ սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998 թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:
Անդրանիկ Մարգարյանը առանցքային է դիտում ՀՀ տնտեսության զարգացումը՝ որպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովման երաշխիք: Ա. Մարգարյանը հանդես է գալիս տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները շարունակելու եւ խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:
Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալով, ԵԿՄ «Սպարապետ» մեդալով։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
1992 թ. հունիսի 9-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀՀԿ) անդամ է:
1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին, (ՀՀԿ 2-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997 թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ:
1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի եւ հինգ թոռնիկ:
Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թ. մարտի 25-ին։