Ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1980)։
1986-89 թթ. ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը։
1990-95 թթ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1990-92 թթ.՝ ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1990-92 թթ. «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատարն էր, 1991-92 թթ.՝ ՀՀ պաշտպանության առաջին նախարարը։
1992-93 թթ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական՝ պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
1993 թ-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ։
1993-95 թթ. նշանակվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի գծով պետնախարար։
1995-99 թթ. երկրորդ անգամ գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Առաջնորդվելով ազգային միասնության եւ անկախ պետականության հաստատման ու ամրապնդման գաղափարներով, ընդունելով «Հանրապետական» կուսակցության գաղափարախոսությունը եւ ելնելով նրա հետ քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունից, 1998 թ-ից հիմք է դրել «Երկրապահ»-«Հանրապետական» միասնական քաղաքական գործունեությանը՝ ՀՀԿ-ի մեջ ընդգրկելով ԵԿՄ-ի քաղաքականացված հատվածը եւ դարձել Հանրապետական կուսակցության առաջնորդ։
1999 թ., եղել է Հայաստանի Հանրապետական եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունների ստեղծած «Միասնություն» դաշինքի համանախագահ։
1999 թ. նշանակվել է ՀՀ վարչապետ։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվել է Ազգային Ժողովում կատարված ահաբեկչության ժամանակ։
Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանն իր մեծ ներդրումն է ունեցել արցախյան ազատամարտում նվաճած հաղթանակում, Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Հայոց Ազգային բանակի ստեղծման ու հզորացման գործում։
Վազգեն Սարգսյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի, Արցախի հերոսի, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետի կոչումների։ Եղել է ԽՍՀՄ, այնուհետեւ Հայաստանի գրողների միության անդամ, գրականության բնագավառում Հայաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։