Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի եւ Հայրենիքի հավիտենականության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը հայոց հավիտենական հայրենիքն է: Հայ ազգի գերագույն նպատակը հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման ռազմավարական ու մարտավարական խնդիրների լուծման հիմքը Ազգային գաղափարախոսությունն է, որը կառուցվում է ազգային շահերի, առաքինությունների, պատմամշակութային փորձի ու կարողությունների զուգակցումով, ազգային եւ համամարդկային արժեքների համադրմամբ: Ազգային գաղափարախոսությունը, որի հիմքում ՀՀԿ-ն տեսնում է Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը, պետք է վերականգնի հայության հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: ՀՀԿ-ն, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, այն համարում է հայության նկարագրի բաղկացուցիչ մաս, ազգային աշխարհասփյուռ կառույց, որն իր դավանաբանությամբ, նվիրապետությամբ կշարունակի ծառայել Ազգին: Հայ իրականության մեջ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր հարաբերությունները կառուցում է ազգային եւ պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում կուսակցական, սոցիալական, կրոնական եւ այլ հատվածական շահերից: Հայոց պետությունը հայության նպատակների իրականացման հիմնական եւ ամենաարդյունավետ միջոցն է, նրա հուսալի եւ կայուն կենսագործունեության գրավականը: Պետական կառավարման կառույցների ձեւը, կախված իրականացվող խնդիրների առաջնայնությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ գործունեությունը պետք է հիմնված լինի ազգային, զարգացման ծրագրերի, անվտանգության հայեցակարգերի վրա, որոնք պետք է հստակորեն սահմանեն այդ գործունեության նպատակներն ու դրանց հասնելու միջոցները: Կառույցների այս կամ այն ձեւի ընտրության չափանիշը պետք է լինի դրանց գործունեության արդյունավետությունը` ազգային խնդիրների լուծման եւ արժեքների հաստատման նպատակով: Պետությունը պետք է աջակցի քաղաքական կառույցների զարգացմանը, լիարժեք բազմակուսակցական համակարգի կայացմանը` խթանելով ժողովրդավարության հիմունքների վրա քաղաքացիական հասարակության ձեւավորումը: Արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի միջազգային հանրությանը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը, այլ երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ կապերի զարգացմանը: Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները: Պետությունը պետք է ապահովի պետական եւ մասնավոր հաստատությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմաններ` որպես սեփականության բազմաձեւության եւ տնտեսության բնականոն զարգացում երաշխավորող շուկայական տնտեսական հարաբերությունների ամրապնդման հավաստիք: Գյուղատնտեսության եւ վերամշակող արտադրության զարգացումը պետք է առավելապես ուղղված լինի բնակչությանը հայրենական արտադրության սննդամթերքով ապահովելուն, իսկ արդյունաբերության զարգացումը` երկրի տնտեսական առաջընթացի ապահովմանը: Հայկական ապրանքանիշը պետք է լինի բարձր որակի անվերապահ երաշխիքը: Հայոց պետության գլխավոր հարստությունը մարդն է` իր ֆիզիկական, մտավոր եւ բարոյական անսահման ներուժով: Պետության կարեւորագույն խնդիրն է յուրաքանչյուր ընտանիքի եւ անհատի, հետեւաբար եւ Ազգի արժանավայել կեցությունը: Պետությունը պետք է երաշխավորի իր քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանի նրանց արժանապատվությունը, ապահովի անհատի իրավունքների եւ ազատությունների զարգացումը, կարողությունների լիարժեք իրացումը: Պետությունը պետք է արդյունավետ միջոցառումներ իրականացնի իր քաղաքացիներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, երաշխավորի նրանց կենսաապահովման պայմանների բավարարումը, ըստ արժանվույն գնահատի իր քաղաքացիների վաստակը Հայրենիքի առջեւ: Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար` ի նպաստ Հայոց պետության հզորացման եւ Սփյուռքի արժանապատիվ գոյատեւման, վերջնական նպատակ ունենալով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք: Կրթության համակարգը պետք է անհատին տա խոր եւ բազմակողմանի գիտելիքներ, միաժամանակ ապահովելով այն բանի գիտակցումը, որ դրանք նախ եւ առաջ պետք է ծառայեն Ազգի եւ Հայրենիքի հզորացմանը: Կրթության համակարգը պետք է սերունդներին հաղորդակից դարձնի ազգի ուժին ու հանճարին, մեծագործություններին ու կորուստներին, ներարկելով այն բանի գիտակցումը, որ հզորացման գաղտնիքները թաքնված են սեփական ոգու, իսկ անհաջողությունները` սեփական թուլությունների մեջ: Պետությունը պետք է անվճար միջնակարգ ուսման հնարավորություն ապահովի բոլոր ցանկացողների համար եւ հովանավորի առավել օժտվածների բարձրագույն կրթությունը: Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն ազգի հոգեւոր եւ նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, պետք է բացահայտեն հայի էությունն ու կենսակերպը: Մշակույթն ու գիտությունը պետք է իրականացնեն ազգային ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը` Հայոց պետության համար աշխարհում ապահովելով բարոյահոգեբանական մտավոր եւ տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր: Գիտության, մշակույթի ու կրթության դերն այն դեպքում է իմաստավորվում, երբ դրանք նպաստում են ազգի ինքնատիպության, դիմագծի ու հոգեկերտվածքի, պատմության խորքերից եկող ավանդույթների, մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ պատճառով գիտությունը, կրթությունն ու ազգային մշակույթը պետք է դառնան պետական հոգածության առարկա: Կարեւորելով նաեւ համաշխարհային մշակույթի հետ լիակատար շփումները, պետությունը պետք է պաշտպանի անձի իրավունքները` հասարակությանը եւ հատկապես աճող սերնդին զերծ պահելով բռնության, բարոյաէթիկական անընդունելի նորմերի քարոզներից: |