Խնդիրները
- Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հստակ սահմանազատում:
- Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և կառավարման մարմինների առանձնահատկությունների սահմանում օրենքով և այդ մարմինների ձևավորում:
- Կամայական պաշտոնանկությունից սահմանադրորեն պաշտպանված համայնքի ղեկավարի և ընդլայնված լիազորություններով օժտված ավագանու համագործակցության հակակշիռների ու զսպումների լիարժեք համակարգի ստեղծում` համայնքների արդյունավետ կառավարման նպատակով:
- Միջհամայնքային միավորումների ստեղծում` համայնքների գործունեության արդյունավետության մեծացման նպատակով:
- Համայնքների լիազորությունների լիարժեք կատարումն ապահովող ֆինանսական աղբյուրների սահմանում օրենքով:
Իրավունքի գերակայություն և դատական համակարգ
Իրականացված սահմանադրական փոփոխություններով մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները ճանաչվել են որպես բարձրագույն արժեք, ստեղծվել են սահմանադրական երաշխիքներ լիովին անկախ և անաչառ դատական համակարգի ձևավորման համար` որպես պետության նկատմամբ հասարակության վստահության կարևոր նախադրյալ:
Խնդիրները
- Մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության օրենսդրական ու կառուցակարգային հիմքերի ամրապնդում:
- Սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքացիների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրականացման արդյունավետության մեծացմանը նպաստող երաշխիքների ստեղծում:
- Դատական համակարգի կառուցվածքի և գործունեության համապատասխանեցում եվրոպական չափանիշներին:
- Արդարադատության խորհրդի կառուցվածքի և գործունեության համապատասխանեցում սահմանադրական դրույթներին:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության իրացման ապահովում` որպես դատական համակարգի անաչառության ապահովման կարևոր գործոն:
- Դատախազության գործունեության սկզբունքների արմատական վերանայում:
Տնտեսություն
2006թ. արդյունքներով Հայաստանի իրական ՀՆԱ-ն 1989թ. մակարդակը գերազանցել է 30%-ով, 2000թ. մակարդակը` 2 անգամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2000թ. համեմատ աճել է 2,7 անգամ, արտահանումը` 3,5 անգամ, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալը` շուրջ 2 անգամ:
Էապես կրճատելով ստվերային տնտեսությունը, բարձրացնելով երկրի ներդրումային գրավչությունը, խթանելով արտահանումը, որակապես բարելավելով գիտության և կրթության համակարգերի արդյունավետությունը, պահպանելով տնտեսական աճի բարձր տեմպերը` զգալիորեն մեծացնել պետական բյուջեի սոցիալական ուղղվածությունը:
Խնդիրները
- Առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորում:
- Մրցակցային հավասար և արդարացի պայմանների ապահովում և արհեստական տնտեսական մենաշնորհների առաջացման, մենաշնորհ դիրքի չարաշահումների բացառում:
- Արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության ճյուղերի զարգացման խթանում` բարենպաստ հարկային և մաքսային քաղաքականության իրականացմամբ, ապահովելու համար արտահանման տեմպերի առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ:
- Մարզերում արտադրական ձեռնարկությունների ստեղծման խրախուսում` ներդաշնակ զարգացման նպատակով:
- Երևանի և մյուս խոշոր քաղաքների համար համալիր քաղաքաշինական ծրագրերի մշակում և իրականացում:
- Աղետի գոտում տնտեսության արագ զարգացումը խթանող հստակ ծրագրերի իրագործում:
- Բյուջետային ծախսերի արդյունավետության մեծացում` բարելավելով գնումների գործակալության գործունեության թափանցիկությունը:
- Փոքր և միջին բիզնեսի զարգացման խրախուսում` որպես միջին խավի ձևավորման կարևոր բաղադրիչ:
- Արժեթղթերի երկրորդային շուկայի կայացմանն ուղղված վճռական քայլերի ձեռնարկում` որպես մրցակցային տնտեսության կարևոր բաղադրիչ:
- Համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացում և միջազգային ու տարածաշրջանային ծրագրերում ընդգրկվածության ընդլայնում:
Արդյունաբերություն
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2000թ. համեմատ աճել է ավելի քան 2 անգամ՝ 300 մլրդ դրամից հասնելով 660 մլրդ դրամի, համախառն ներդրումների ծավալը` 4,5 անգամ (2003թ. համեմատ` 2 անգամ)՝ 192 միլիոն դոլարից հասնելով 820 միլիոնի:
Արտահանման ծավալները 2000թ. համեմատ աճել են 3,5 անգամ, 2003թ. համեմատ` 1,5 անգամ՝ 300 միլիոն դոլարից հասնելով 1,044 միլիարդ դոլարի:
Խնդիրները
- Մեծացնել արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում:
- Խրախուսել ներմուծվող ապրանքների փոխարինումը հայաստանյան արտադրանքով:
- Խթանել ներդրումները գիտատար արտադրություններում և նպաստել դրանց զարգացմանը:
- Նպաստել վենչուրային հիմնադրամների կազմավորմանը` արտադրության մեջ ինովացիաների լայնածավալ կիրառումը խթանելու նպատակով:
- Աջակցել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը` նպաստավոր հարկային, ֆինանսավարկային և մաքսային քաղաքականության իրականացմամբ:
- Ապահովել գործարարության համաչափ զարգացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2000թ. համեմատ աճել է 2 անգամ՝ 280 մլրդ դրամից հասնելով 560 մլրդ դրամի:
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ իրականացվում է ծրագիր, որի արդյունքում 236 մլն ԱՄՆ դոլար կուղղվի գյուղական ենթակառուցվածքների վերականգնմանը, գյուղերում զբաղվածության խթանմանը:
Խնդիրները
- Գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ չափի ոռոգման ջրի անխափան ապահովում:
- Լիակատար աջակցություն գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը, գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալների մեծացման և որակի բարձրացման ջանքերին (որակյալ սերմացուի, բուժանյութերի, տոհմային անասունների ձեռքբերում և այլն):
- Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգերի ներդրման աջակցություն` զուգակցելով պետական բյուջեից գյուղացիական տնտեսություններին ուղղակի հատկացումների հետ` տարերային աղետների պատճառած վնասները մեղմելու համար:
- Պետական աջակցության մեխանիզմների ստեղծում` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և պահպանման նպատակով:
- Գյուղատնտեսական մթերքների իրացման շուկաների հետ կապված խնդիրների կարգավորում:
- Գյուղի սոցիալ-կենցաղային պայմանների որակական բարելավում՝ կապի ժամանակակից միջոցների մատչելիություն, բարեկարգ ճանապարհներ, տրանսպորտ, շուրջօրյա խմելու ջուր, գազամատակարարում:
Ենթակառուցվածքներ
Ավտոճանապարհների կառուցման և բարեկարգման համար պետական բյուջեի ծախսերը 2000թ. 6,1 միլիարդ դրամի դիմաց 2006թ. կազմել են 27 միլիարդ դրամ:
Կառուցվել և գործարկվել է Իրան-Հայաստան գազամուղը` Հայաստանի համար ապահովելով էներգետիկ պաշարների այլընտրանքային հնարավորություն:
Խնդիրները
- Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի մասնակցության ընդլայնում:
- Հայաստանի երկաթուղիների կառավարման մեխանիզմների համապատասխանեցում միջազգային չափանիշներին` երկաթուղային փոխադրումների շահութաբերությունը մեծացնելու նպատակով:
- Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի բարեփոխումների ավարտում և այլ երկրների հետ Հայաստանի օդային կապի ընդլայնում, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների տեխնիկական հնարավորությունների ու սպասարկման համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
- Էներգետիկ պաշարների ներկրման ուղիների բազմազանության ապահովում:
- Միջպետական և միջմարզային ավտոճանապարհների պահպանման և ներմարզային ճանապարհների վերականգնման և կառուցման ծրագրերի իրականացում:
- Էներգետիկ հզորությունների մեծացում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման` հիդրոկայաններից և քամուց ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունների զարգացման խթանում:
- Ջրամբարների հիմնանորոգում, ոռոգման համակարգի լիարժեք գործարկում և զարգացում` գյուղատնտեսության պահանջների լիակատար բավարարման նպատակադրումով:
- Ջրային ռեսուրսների կառավարման ու ջրամատակարարման արդյունավետության շարունակական բարելավում, աջակցություն փոքր հզորության, տեղային ջրամատակարարման համակարգերի ներդրմանը:
Հարկաբյուջետային քաղաքականություն
2000թ. համեմատ պետական բյուջեի ծախսերը դրամական արտահայտությամբ ավելացել են 2,3 անգամ (դոլարային արտահայտությամբ` մոտ 3,5 անգամ), 2003թ. նկատմամբ` 2,4 անգամ:
Պետական եկամուտները 2000թ. համեմատ դրամային արտահայտությամբ աճել են 2,5 անգամ (դոլարային արտահայտությամբ` 3,75 անգամ), 2003թ. համեմատ` 2,25 անգամ:
Վերջին տարիներին պետական բյուջեի ծախսերն իրականացվել են ամբողջությամբ:
Խնդիրները
- Հարկման բեռի արդարացի և համամասնական բաշխում, հարկային և մաքսային օրենսդրության անվերապահ կիրառում բոլոր հարկատուների նկատմամբ:
- Հարկային օրենսդրության և հարկային վարչարարության մեխանիզմների հստակեցում` ապահովելու համար դրանց միանշանակ մեկնաբանությունն ու կիրառումը:
- Կոշտ վերահսկողության սահմանում հարկային պարտավորությունների չկատարման, հակաօրինական գործունեության, ստվերային տնտեսական գործարքների նկատմամբ` կիրառելով խիստ պատժամիջոցներ:
- Բյուջետային մուտքերի մեջ ուղղակի հարկերի տեսակարար կշռի էական մեծացում:
- Հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության զգալի աճի ապահովում` որպես տնտեսության ստվերայնության կրճատման կարևոր գործոն:
- Տարբերակված մեխանիզմների ստեղծում` արտադրական փոքր և միջին ձեռնարկությունների հարկման համար:
- Բյուջետային ծախսերի և պետական այլ ֆինանսական հոսքերի թափանցիկության ու հասարակական վերահսկողության մակարդակի էական մեծացում` պետական գնումների համակարգի գործունեության արդյունավետության բարձրացում:
- Պետության ֆինանսական պարտավորությունների լիարժեք և կայուն կատարում:
- Պետական մարմինների գործունեությունն ապահովող ծախսերի արդյունավետության բարձրացում:
Բանկային համակարգ և ֆինանսավարկային քաղաքականություն
Առևտրային բանկերի տոկոսադրույքները 2001թ. համեմատ կրճատվել են` 27,4%-ից հասնելով 16,6%-ի:
Պետական պարտատոմսերի տոկոսադրույքները 1999թ. համեմատ կրճատվել են ավելի քան 8 անգամ, 2003թ. համեմատ` 2 անգամ, հասնելով 6,3%-ի:
Խնդիրները
- Կենտրոնական բանկի հիմնական խնդրի` գների կայունության ապահովման առավել հուսալի մեխանիզմների կիրառում:
- Բանկերի սեփական միջոցների նկատմամբ նվազագույն պահանջների էական բարձրացում:
- Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ երկարատև ներդրումային ռեսուրսների կուտակում:
- Տնտեսության իրական հատվածում բանկային համակարգի մասնակցության զգալի մեծացում:
- Բանկային ավանդների երաշխավորման համակարգի կատարելագործում:
- Վարկային տոկոսադրույքների նվազեցում, հիպոթեքային վարկավորման մատչելիության մեծացում:
- Արժութային շուկայի վերահսկողության մեխանիզմների կատարելագործում:
- Ապահովագրական համակարգի և ոչ բանկային այլ ինստիտուտների` կենսաթոշակային հիմնադրամների, վարկային կազմակերպությունների զարգացման խթանում:
- Կանխիկ դրամաշրջանառության զգալի նվազեցման ծրագրի իրականացում:
Սոցիալական ոլորտ
Երկրի մրցունակության առաջին ցուցանիշը սեփական քաղաքացու համար արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումն է` որպես պետության վերաբերմունքն իր գլխավոր հարստության` մարդու նկատմամբ:
Երկրում 1999թ. համեմատ ծայրահեղ աղքատության մակարդակը կրճատվել է 4,5 անգամ` 21%-ից նվազելով մինչև 4,6%-ի, իսկ աղքատության մակարդակը նվազել է 1,8 անգամ՝ 1999թ. 56%-ից (2003թ. 43%) հասնելով 29,8%-ի:
Սոցիալական ապահովություն
Այս ոլորտում պետական բյուջեի ծախսերը 2000թ. համեմատ աճել են 2,5 անգամ:
Նվազագույն աշխատավարձը 1999թ. համեմատ աճել է 20 անգամ, 2003թ. համեմատ` 4 անգամ՝ հասնելով 20000 դրամի:
Միջին ամսական կենսաթոշակի չափը 2000թ. համեմատ աճել է ավելի քան 3 անգամ, 2003թ. համեմատ` ավելի քան 2 անգամ՝ 4400 դրամից հասնելով13700 դրամի:
Խնդիրները
- Սոցիալական համերաշխություն սերունդների միջև, հասարակության եկամուտների արդարացի և համաչափ բաշխում քաղաքացիների ու սերունդների միջև:
- Տարեցները պետք է ունենան ապահովված ծերություն, երիտասարդները` աջակցություն կյանք մտնելիս, աշխատող մարդը` իր եկամուտներով արժանապատիվ ապրելու հնարավորություն:
- Միջին աշխատավարձի երկու երրորդից ոչ պակաս միջին աշխատանքային թոշակի ապահովման նպատակով կենսաթոշակային կուտակային համակարգի ներդնում:
- Երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը խրախուսելու և կենսապայմանների զգալի բարելավում ապահովող ծրագրերի իրագործում:
- Բազմազավակ ընտանիքների միանվագ աջակցության քայլերի զուգակցում կենսապայմանների շարունակական բարելավման ծրագրերի հետ:
- Հաշմանդամների պրոթեզավորման հնարավորությունների և տեղաշարժման լիարժեք պայմանների ապահովում:
- Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկում տնային պայմաններում:
- Ազատամարտիկների և պատերազմի վետերանների, նրանց ընտանիքների կենսապայմանների բարելավման հատուկ ծրագրերի իրագործում:
- Գործազրկության էական նվազեցման ծրագրերի իրագործում` նոր աշխատատեղերի ստեղծման խրախուսմամբ:
- Պետական բյուջեի սոցիալական ուղղվածության շարունակական խորացում:
Առողջապահություն
Պետական բյուջեի ծախսերն այս ոլորտում 2000թ. համեմատությամբ աճել են մոտ 5 անգամ, 2003թ. համեմատ` մոտ 2,5 անգամ՝ հասնելով 47,6 միլիարդ դրամի:
Խնդիրները
- Հիվանդությունների կանխարգելման համալիր ծրագրի մշակում և իրականացում` որպես առողջապահական խնդիրների լուծման կարևոր գործոն:
- Սոցիալապես անապահով անձանց բժշկական օգնության ու սպասարկման իրականացում բացառապես պետական պատվերի շրջանակներում:
- Գյուղական բնակավայրերի համար առաջնային բուժօգնության լիարժեք պայմանների ապահովում:
- Բուժական հաստատությունների միջև պետական պատվերի տեղաբաշխման և պետական պատվերի հատկացման կոնկրետ սկզբունքների սահմանում:
- Առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի կիրառման լիարժեք հնարավորությունների ապահովում:
- Դեղորայքի օգտագործման անվտանգության ապահովմանն ուղղված արտադրության, ներմուծման և վաճառքի վերահսկողության արդյունավետ համակարգի ստեղծում:
- Առողջապահության ոլորտում կատարվող բուջետային ծախսերի արդյունավետության զգալի մեծացում` բժշկական օգնության նախատեսվող ծավալների, կառուցվածքի և ֆինանսական միջոցների փոխկապակցվածությունն ապահովող կոնկրետ սկզբունքների կիրառման հիման վրա:
Գիտություն
Պետական բյուջեի ծախսերը գիտության և կրթության ոլորտներում 2000թ. համեմատությամբ աճել են ավելի քան 3 անգամ, 2003թ. համեմատ` մոտ 2,6 անգամ՝ հասնելով 92 միլիարդ դրամի:
Խնդիրները
- Առանձին պետական մարմնի ստեղծում` գիտության արդյունավետ կառավարման ու զարգացման նպատակով:
- Գիտության զարգացման մեջ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղի ու դերի ճշգրտում:
- Գիտահետազոտական ինստիտուտների մրցունակության ապահովում ու հետագա գործունեության հստակեցում:
- Համալսարանական գիտության զարգացման հնարավորությունների ճշգրտում ու ներդաշնակ համադրում ԳՀ ինստիտուտների հնարավորությունների հետ:
- Հասարակական գիտությունների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն` որպես հասարակական զարգացումների գիտական պլանավորման և իրականացման անհետաձգելի հրամայական:
- Գիտական ծրագրերի և կատարված աշխատանքների արդյունքների գնահատման ժամանակակից մեթոդների կիրառում` ինչպես գիտական աստիճանների շնորհման, այնպես էլ բյուջետային հատկացումների պլանավորման համար:
- Գիտական դպրոցների ձևավորումը խթանող միջոցառումների ծրագրի մշակում և իրագործում:
- Միջազգային գիտական կենտրոնների հետ համագործակցության և ինտեգրացիայի խթանման ծրագրերի մշակում և իրագործում:
- Հայագիտության արդի և հեռանկարային հիմնահարցերի լուծմանն ուղղված գիտական ծրագրերի մշակում և իրագործում:
Կրթություն
Ուսուցիչների աշխատավարձը 2000թ. համեմատ աճել է 6 անգամ, 2003թ. համեմատ` 4 անգամ՝ 12600 դրամից հասնելով 74000 դրամի:
Խնդիրները
- Կրթական բարեփոխումների տարբեր ուղղությունների (նախադպրոցական, հանրակրթական, բուհական) ներդաշնակեցում և ճշգրտում` նպատակ ունենալով ապահովել խոր հանրակրթական ու մասնագիտական գիտելիքներ ունեցող, ժամանակակից մարտահրավերների հաղթահարմանն ունակ, հայրենասեր քաղաքացիների պատրաստմանն ուղղված կրթական համակարգի ձևավորումը:
- Պետական կրթական հաստատությունների համար պահանջվող նորմերը բավարարող շենքային պայմանների ապահովում:
- Պետական կրթական հաստատությունների ուսումնական տեխնիկական հնարավորությունների (գրադարաններ, էլեկտրոնային աղբյուրներ և այլն) նվազագույն անհրաժեշտ պահանջների սահմանում, որը չպետք է զիջի եվրոպական միջին մակարդակը:
- Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական վկայականների համատեղելիության ապահովում օտարերկրյա համարժեք վկայականների հետ:
- Մանկավարժների, դաստիարակների և դասախոսների միջին աշխատավարձի ապահովում՝ ոչ պակաս քաղաքացիական ծառայողի միջին աշխատավարձից:
- Հայոց լեզվի պաշտպանության ու զարգացման համալիր ծրագրի մշակում և իրագործում:
Մշակույթ
Պետական բյուջեի ծախսերն այս ոլորտում 2000թ. համեմատությամբ աճել են ավելի քան 4 անգամ՝ կազմելով 15,5 միլիարդ դրամ:
Խնդիրները
- Ազգային պատմամշակութային ժառանգության համապարփակ գույքագրում և դրանց մատչելիության ապահովման, տեղաշարժի վերահսկման և պահպանության ժամանակակից, բարձր հուսալիություն ունեցող համակարգերի ստեղծում:
- Պայքար ցածրորակ մշակույթի կաղապարների դեմ:
- Մշակույթի օջախների դաստիարակչական և ուսուցողական գործառույթների խթանում:
- Մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն ուղղված հասարակական նախաձեռնությունների խրախուսում:
- Պետության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունների և մրցույթների թվի և որակի էական բարձրացում:
- Մշակույթի զարգացմանն ուղղվող բյուջետային ծախսերը պետք է լինեն առավել արագ աճողը:
Ընտանիք և երիտասարդություն
Ընտանեկան նպաստի չափը 2000թ. համեմատ աճել է 2,8 անգամ, 2003թ. համեմատ` ավելի քան 2,3 անգամ՝ 6400 դրամից հասնելով 17600 դրամի:
Խնդիրները
- Պետության լիարժեք պաշտպանություն ընտանիքին` որպես հասարակության բնական և հիմնական բջիջ:
- Հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում բոլոր երիտասարդների համար` մասնագիտական և հասարակական կյանք մտնելիս:
- Աջակցություն նորաստեղծ ընտանիքներին:
- Բազմանդամ ընտանիքների միանվագ և շարունակական աջակցության զգալի մեծացում:
- Ժողովրդագրական խնդրի լուծման ազգային ծրագրի մշակում և իրագործում:
- Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ուղղված աջակցության զգալի մեծացում, հատուկ հոգածություն ակնառու նվաճումների հասած մարզիկների նկատմամբ:
Առողջ միջավայր - բնապահպանություն
Սևանա լճի մակարդակն այսօր 1,9 մետրով ավելի բարձր է 1999թ. մակարդակից:
Խնդիրները
Սևանա լճի մակարդակի նվազմանը սպառնացող վտանգի վերացումից հետո երկրի բնապահպանական կարևորագույն խնդիրներն են դարձել`
- Սևանի ավազանի բնապահպանական համալիր խնդրի լուծման ծրագրի մշակումը և իրագործումը,
- երկրի անտառածածկույթի հսկողության, առողջացման և ընդլայնման մեխանիզմների ստեղծումը և ծրագրերի իրականացումը,
- անապատացման դեմ պայքարի համալիր ծրագրի մշակումը և իրագործումը,
- Երևանի և մյուս խոշոր քաղաքների բնապահպանական խնդիրների լուծման ծրագրի իրագործումը:
Ազգային բանակ
Ապահովվել է ռազմական բնագավառում միջազգային համագործակցության ներդաշնակ զարգացում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ: Հաստատվել և սկսել է իրագործվել ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:
Խնդիրները
- Պետության այնպիսի պաշտպանական ներուժի ապահովում, որն անհրաժեշտ է որևէ ագրեսիայի հակահարված տալու, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
- Բանակի շարունակական համալրում բարձրորակ սպայական կադրերով:
- Պաշտպանական և անվտանգության ոլորտի համակարգային բարեփոխումների արդյունավետության ապահովում:
- Ծառայության սոցիալական պայմանների շարունակական բարելավում:
- Գաղափարական աշխատանքների արդյունավետության բարձրացում:
Արտաքին քաղաքականություն
Խնդիրները
- Եվրոպական ինտեգրացիայի հետագա խորացում, Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարման ավարտ:
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցության խորացում և նպաստում ԱՊՀ շրջանակներում արդյունավետ հարաբերությունների ձևավորմանը:
- Ռուսաստանի հետ կնքված առևտրատնտեսական, ռազմական, էներգետիկ, գիտական, կրթական, մշակութային ոլորտները ներառող պայմանագրերի իրագործման արդյունավետության մեծացում:
- Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնում և խորացում, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հետ ստորագրված 236 միլիոն դոլար արժողության ծրագրի իրականացում` ուղղված Հայաստանում գյուղական շրջանների ճանապարհների և ոռոգման համակարգի վերականգնմանն ու շինարարությանը, գյուղական արտադրության խթանմանը:
- Եվրոպական միության հետ համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործում:
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում:
- Արտաքին տնտեսական անվտանգության ամրապնդում, էներգետիկ պաշարների ներկրման հնարավորությունների բազմազանության ապահովում Հայաստան-Իրան գազամուղի լիարժեք գործարկմամբ և զարգացմամբ:
- Տարածաշրջանային համագործակցության խորացման նախաձեռնություն` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացման, մյուս հարևանների հետ դրանց կարգավորման ուղղությամբ:
- Չինաստանի հետ համագործակցության խորացում:
Ղարաբաղյան հիմնախնդիր
Վերջին տարիներին հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրվել է աննախադեպ տեղաշարժ. ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է որպես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, տեղ է գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած կարգավորման հիմնական սկզբունքների շարքում և ամրագրվել է միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերում:
Միջազգային չափանիշներին համապատասխանող Սահմանադրության ընդունումը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կառուցելու ԼՂՀ կամքը հաստատող և ճանաչման գործընթացին նպաստող կարևոր գործոն է:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ՀՀԿ դիրքորոշումը մշտապես եղել է անսասան`
- Պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրացման համար:
- Պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը:
- ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման:
Այդ մոտեցումների հիման վրա Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ՀՀ և ԼՂՀ դիրքերի ամրապնդման համար անհրաժեշտ է`
- իրականացնել բազմակողմանի աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում,
- իրականացնել նմանատիպ հակամարտությունների կարգավորման գործընթացների քաղաքագիտական-իրավական համեմատական ուսումնասիրություն,
- ստեղծել Ղարաբաղյան խնդրի պատմական, մշակութային, իրավական, քաղաքական ասպեկտներին վերաբերող վերլուծական-տեղեկատվական նյութերի հարուստ հավաքածու օտար լեզուներով:
Ազգային միասնություն - Սփյուռք
Դարերի ընթացքում ձևավորված Սփյուռքը ներառում է տարաբնույթ մշակույթ, քաղաքական, տնտեսական համակարգեր ունեցող բազմաթիվ երկրներում ձևավորված, հայության կեսից ավելին կազմող հայ համայնքները: Ազգային միասնության հիմքը Հայաստանի Հանրապետության համապարփակ ջանքերն են հանուն այդ համայնքների ազգային ինքնության պահպանման և համայնքների` քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ունեցած փորձառության նպաստը Հայրենիքի զորացմանը: Խնդրի լիարժեք լուծման գրավականը հուզական հենք ունեցող հարաբերությունների լրացումն է գործնական խնդիրների ձևակերպումով ու դրանց լուծման կոնկրետ մեխանիզմների ստեղծումով:
Խնդիրները
- Սփյուռքի գործերի առանձին պետական մարմնի ստեղծում:
- Հայաստան-Սփյուռք համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները կազմակերպելու և համաժողովների աշխատանքներն արդյունավետ պլանավորելու նպատակով գործադիր մարմնի ձևավորում` համազգային առաջնահերթությունների հստակեցման և դրանց իրացման հայեցակարգային մոտեցումների մշակման նպատակով:
- Սփյուռքի գիտական, կրթական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառում և օգտագործում Հայաստանի զորացման համար:
- Հայաստանյան տարաբնույթ միջոցառումներին Սփյուռքի արդյունավետ ներգրավում:
- Համահայկական երիտասարդական միջազգային հիմնադրամի շրջանակներում նպատակային ծրագրերի մշակում և իրագործում:
- Հատուկ ծրագրերի մշակում այլալեզու և այլադավան հայկական համայնքների հետ աշխատանքի համար:
- Հայրենադարձության ծրագրերի մշակում և իրականացում:
Սպասվող արդյունքներ
Առաջարկվող ծրագրի իրականացումը պետք է ապահովի Հայաստանի անցումը որակապես նոր մակարդակի, որը բնութագրվում է շարունակաբար զարգացող տնտեսությամբ, արդյունավետ կառավարման համակարգով, պաշտպանված, արժանապատիվ ապրող ժողովրդով, կայացած քաղաքացիական հասարակությամբ, որին բնորոշ կլինեն բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարադատությունը և համերաշխությունը:
Մի քանի հիմնական ցուցանիշների ակնկալվող արդյունքները 2007-2012թթ. ընթացքում`
| Համախառն ներքին արդյունքի աճ |
|
2 անգամ |
| Արտահանման աճ |
|
2 անգամ |
| Ներդրումների աճ |
|
3 անգամ |
| Աշխատավարձերի աճ |
|
2 անգամ |
| Կենսաթոշակների, նպաստների աճ |
|
2,5 անգամ |
| Աղքատության մակարդակի նվազում |
|
1,5 անգամ |