Վերլուծություններ

ԷՆԵՐԳԵՏԻԿ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

28.02.2012

Եվրոպական միությունը կարծես թե ամենայն լրջությամբ սկսել է զբաղվել Տրանսկասպյան գազատարի նախագծի իրականացմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել թուրքմենական գազի ներկրումը ԵՄ՝ շրջանցելով Ռուսաստանը։ Նոր գազատարը, որը Թուրքմենստանի գազատրանսպորտային համակարգն ու գազի հանքավայրերը կմիացնի Ադրբեջանին, իր հերթին կարող է կյանքի կոչել մեկ այլ խոշոր նախագիծ՝ «Նաբուկկոն»։ Վերջինիս կառուցումն ու ստեղծումը կզրկի Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից բնական գազի ԵՄ արտահանման մենաշնորհից և Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կդարձնի եվրասիական տարածաշրջանի խոշորագույն էներգատարանցման շղթա։ Ակնհայտ է, որ այս պայմաններում ԵՄ նպատակների իրագործման ճանապարհին պատք է կանգնի հենց Ռուսաստանը, որն, ի դեմս պետական «Գազպրոմ» ընկերության, ցանկանում է պահպանել գերիշխող դիրքը Եվրոպա գազի մատակարարման գործընթացում։ Սակայն այս անգամ ԵՄ-ը ցույց Է տալիս, որ վճռական է տրամադրված և պատրաստ է նախահարձակ լինել Ռուսաստանի վրա։

ԵՄ «պատերազմն» ընդդեմ «Գազպրոմի»

Սեպտեմբերի վերջին օրերին Եվրոպայում բնական գազի մատակարարման մի քանի խոշոր ընկերությունների գրասենյակներում անսպասելիորեն ստուգումներ սկսվեցին, որոնք, համաձայն Եվրամիության բարձրագույն կառավարման մարմնի տարածած հաղորդագրության, իրականացվել են Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ։ Ստուգումներին մասնակցել են մի քանի եվրոպական երկրների անվտանգության մարմինների ներկայացուցիչներ, որոնց նպատակն է եղել պարզել ստուգվող ընկերությունների կողմից մենաշնորհային դիրքի օգտագործման և հնարավոր կոռուպցիոն գործերի բացահայտումը։ Նախնական տվյալներով՝ ստուգումներն անցկացվել են եվրոպական 8 ընկերություններում, դրանց փաստը հաստատել են այդ ընկերություններից ընդամենը մի քանիսը՝ գերմանական RWE կոնցեռնի չեխական մասնաճյուղը, գերմանական հսկա E.On Ruhrgas-ը և լեհական PGNiG ընկերությունը։ Այս ստուգումները կարելի էր համարել զուտ եվրոպական գործ, եթե ստուգվող ընկերությունները չլինեին ռուսական «Գազպրոմի» հիմնական եվրոպական գործընկերները, որոնք զբաղվում են rուսական գազը ԵՄ անդամ երկրներում վաճառելով։
Եվրոպական ընկերությունների ստուգումներից հետո եվրոպական իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ստուգումներով այցելեցին Բեռլինում տեղակայված, «Gazprom Germania» ընկերության գրասենյակ։ Կատարված խուզարկումներից հետո եվրոպական մի շարք վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, թե ստուգումների հիմնական նպատակը ռուսական «Գազպրոմի» վրա ճնշում գործադրելն է։ Ընկերությունը 2011-ի տարեվերջին և 2012-ի տարեսկզբին նոր պայմանագրեր է կնքելու եվրոպական ընկերությունների հետ գազի մատակարարման և գնի վերաբերյալ, և պաշտոնական Բրյուսելը փորձում է ստիպել ռուսական ընկերությանը իջեցնել բնական գազի գինը։
Սակայն ստուգումների մեկ այլ կարևոր նպատակ կարելի է համարել այն, որ ԵՄ-ը փորձում է խափանել Մոսկվայի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի գազային ընկերությունների կլանման ծրագրերը, ինչի արդյունքում ռուսական «Գազպրոմը» կարող է դառնալ ոչ միայն դեպի Եվրոպա բնական գազի մատակարարը, այլ նաև այդ գազի բաշխումն ապահովողը տարածաշրջանում։ Նման հեռանկարը մեծ վտանգ է ներկայացնում Եվրամիության համար, քանի որ ռուսական ընկերության կողմից եվրոպական ընկերությունների կլանման արդյունքում Մոսկվան կարող է վերահսկողության տակ առնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ ընկերությունները և անմիջականորեն ազդել ԵՄ ներքին և արտաքին էներգետիկ քաղաքականության վրա։ Իսկ ազդեցությունը հիմնականում ուղղված կլինի Կենտրոնական Ասիայից Ռուսաստանի տարածքը շրջանցող և դեպի Եվրոպա գազի ներկրումն ապահովող Տրանսկասպյան և «Նաբուկկո» գազատարների կառուցման եվրոպական փորձերը խափանելուն։
Սա կարևոր խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ Բրյուսելն ակտիվացրել է Տրանսկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու փորձերը։ Դեռևս 2011-ի մարտին թուրքմենական կառավարությունը հաստատել էր իր մասնակցությունը գազատարի կառուցման նախագծին, ինչի մասին Deutsche Welle–ին հայտարարել Էր «Նաբուկկո» կոնսորցիումի գործադիր նախագահ Ռ.Միտչեկը։ Նույն հայտարարության մեջ նա նշել էր, որ Թուրքմենստանի՝ նախագծին միանալու համար հարևան երկրների համաձայնությունն ստանալու անհրաժեշտություն չկա. «Տրանսկասպյան գազատարի կառուցման համար անհրաժեշտ Է ձեռք բերել համաձայնություն միայն Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև։ Մնացածը, մեր կարծիքով, ընդամենը շահարկումներ են»։


Մոսկվայի հակահարվածը և Եվրասիական միության ապագան


ԵՄ ակտիվացումը լուրջ վտանգ է ներկայացնում Մոսկվայի համար մի քանի պատճառներով։
1. Մոսկվան կարող Է կորցնել վերահսկողությունը Կենտրոնական Ասիայից գազի ԵՄ արտահանման վրա, ինչի արդյունքում տարածաշրջանի հետխորհրդային պետություններն ավելի ազատ կդառնան սեփական տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։ Այստեղ, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կամրապնդվեն Արևմուտքի դիրքերը։
2. Կնվազի նաև Մոսկվայի ազդեցությունը Եվրոպայում, որոնց հիմքում այդ ամենից զատ ընկած է նաև այն, որ Ռուսաստանը Եվրոպայի կարևորագույն էներգետիկ գործընկերն Է, և հենց այս հանգամանքն է ստիպում Բրյուսելին պահպանել լավ հարաբերություններ Մոսկվայի հետ։
3. Եվ, հավանաբար, ամենակարևորը, եթե կառուցվի Տրանսկասպյան գազատարը, իսկ հետո նաև՝ «Նաբուկկոն», կվտանգվի Մոսկվայի նոր ինտեգրացիոն նախագիծը՝ Եվրասիական միության ստեղծումը։
Սա, գուցե, ամենակարևոր խնդիրն է Ռուսաստանի համար, քանի որ ակնհայտ է, որ եթե Մոսկվան ձգտում է վերականգնել դիրքերն ու ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, ապա պետք է առաջին հերթին ամրապնդի իր կարևորագույն դիրքը տարածաշրջանի էներգետիկ ոլորտում այն պարզ պատճառով, որ Ղազախստանի, Թուրքմենստանի և մասամբ Ուզբեկստանի դեպքում հենց էներգետիկ ոլորտն է հանդիսանում ազգային տնտեսությունների պոտենցիալի հիմնական մասը։ Եվ եթե այս պարագայում այդ պոտենցիալն ուղղվում է դեպի Եվրոպա և դուրս է գալիս Մոսկվայի փաստացի վերահսկողությունից, ապա Եվրասիական միության նախագիծը վերածվում է զուտ դեկլարատիվի, իսկ դրա իրականացման հնարավորությունները պարզապես նվազագույնի են հասցվում։
Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք պաշտոնական Մոսկվային հանգեցրին Եվրոպային «հակահարված տալուն»։ Անսպասելիորեն Տրանսկասպյան գազատարը դարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ.Մեդվեդևի՝ հոկտեմբերի 14-ին ՌԴ Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի հիմնական թեման։ Ռուսաստանի նախագահը մասնավորապես նշեց. «Գազատարի կառուցումը շատ լուրջ խնդիր է, որն անմիջականորեն կապված է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ և պահանջում է մերձծովյան բոլոր երկրների համաձայնությունը»։ Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունը մատնանշում է Կասպիցի հարցով Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման կտրուկ փոփոխությունը։ Եթե նախկինում Մոսկվան քննադատում էր Թեհրանին, որ նա խառնվում է Կասպիցին հարակից պետությունների երկկողմանի նախագծերին, և որ եթե երկու պետություն չունեն սահմանային հարց, կարող են ինքնուրույն և անկախ քննարկել երկկողմանի հարաբերությունները, ապա Դ.Մեդվեդևի հայտարարությունից հետո Մոսկվան, փաստորեն, սկսում է կիսել հենց Թեհրանի մոտեցումը, այն է՝ չի կարող լինել նախագիծ, որը չհամաձայնեցվի Կասպիցին հարակից բոլոր երկրների հետ։ Սակայն այսօր, երբ կարդում ենք ռուսական վերլուծություններն ու քաղաքական գործիչների հայտարարությունները Տրանսկասպյան գազատարի վերաբերյալ, կարծես թե պարզ է դառնում, որ Մոսկվան գրեթե կորցրել է բոլոր հույսերը Թուրքմենստանին հետ պահելու գազատարի կառուցման նախագծից։ Սա Ռուսաստանի համար ցավոտ, սակայն օբյեկտիվ իրողություն է. Աշգաբադի տնտեսական և քաղաքական համակարգը բավական անկախ է, և Մոսկվան դրա վրա ճնշում գործադրելու որևէ լուրջ լծակ չունի։ Այս պարագայում ռուսական կողմի համար կարևոր նշանակություն ունի Աստանային նախագծից կտրելը, քանի որ Ղազախստանի միացումը դրան Մոսկվայի համար կնշանակի թե՛ սեփական դիրքերի թուլացում ԵՄ-ում ու Կենտրոնական Ասիայում և թե՛ Եվրասիական միության նախագծի անփառունակ ավարտ։


Պայքար Ղազախստանի դիրքորոշման համար և ընկերական ոչ ոքի


Թուրքմենստանից հետո ԵՄ-ն ակտիվացրեց բանակցությունները նաև Ղազախստանի հետ Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցի վերաբերյալ։ Հոկտեմբերի 3-ին «Գազպրոմի» եվրոպական գործընկերների և ներկայացուցչության գրասենյակներում կատարված ստուգումների ֆոնին Աստանայում անցկացվող
KAZENERGY համաժողովի ժամանակ ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գ.Օթինգերը Ղազախստանին պաշտոնապես հրավիրեց միանալ Տրանսկասպյան գազատարի կառուցման նախագծին, որի շնորհիվ Ղազախստանը կարող է բնական գազ արտահանել Եվրոպա՝ շրջանցելով ռուսական տարածքը և «Գազպրոմի» միջնորդությունը։ Գ.Օթինգերը, մասնավորապես, նշեց. «Շատ քիչ մարդ գիտե, թե ինչքան կարևոր է այս նախագիծը ԵՄ համար, և որ սա առաջին դեպքն է, երբ Միությունն առաջարկում է կնքել լիարժեք միջազգային պայմանագիր ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար»։Նշենք, որ չնայած պաշտոնական Աստանան միանշանակ դրական պատասխան չտվեց ԵՄ հանձնակատարի առաջարկին, սակայն պետական և խոշորագույն. «ՂազՄունայԳազ» ընկերության փոխնախագահը հայտարարեց, որ ընկերությունը դեմ չէ Ղազախստանի միացմանը գազատարին։ ԵՄ-ում էներգետիկ ընկերությունների ստուգումն ու Ղազախստանի Տրանսկասպյան գազատարի նախագծին միանալուն ուղղված առաջարկություններն անմիջապես արժանացան ՌԴ ԱԳՆ բացասական գնահատականներին։ Սակայն ղազախական դիրքորոշման փոփոխության շուրջ իրական գործընթացները սկսվեցին Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի՝ Անվտանգության խորհրդում կայացած ելույթից հետո։ Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, երբ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսն ակտիվորեն սկսեցին քննարկել Եվրասիական միության ստեղծման մասին ստորագրվելիք հռչակագիրը, որը սահմանում է Միության նպատակներն ու ուղղությունները, Մոսկվան սկսեց ակտիվ պայքարել Տրանսկասպյան գազատարից Աստանային հեռու պահելու համար։ Արդյունքում՝ նոյեմբերի 21-ին «ՂազՄունայԳազ» ղազախական պետական նավթային ընկերության ղեկավար Բոլատ Ակչուլակովը հայտարարեց, որ Տրանսկասպյան գազատարի ապագան կապված է Կասպիցի իրավական կարգավիճակի հետ. «Քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակը, չկա համաձայնություն բոլոր պետությունների կողմից, գազատարի կառուցումը վտանգավոր է, և մենք դրա մասին անգամ չենք մտածում»։ Ղազախական կողմի հայտարարությունը կարելի է համարել Մոսկվայի հաղթանակը՝ մանավանդ հաշվի առնելով, որ Աստանան ոչ միայն հանդես եկավ նախագծին չմասնակցելու հայտարարությամբ, այլև գազատարը անվանեց «անօրինական»։ Մոսկվան Աստանայի և Թեհրանի հետ փաստացի դաշինքում հայտնվեց և կփորձի իրավական հիմքով պայքարել գազատարի դեմ։ Սակայն դժվար կլինի Թուրքմենստանին ու Ադրբեջանին հետ պահել նախագծից, ինչը հիմք ընդունելով՝ կարելի է նշել, որ «պատերազմն» այս փուլում ավարտվեց ոչ ոքի արդյունքով։

Սևակ Սարուխանյան
“Նորավանք” ԳԿՀ 

← Վերադառնալ ցուցակին