Վերլուծություններ

ՁԳԵԼ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾՐԱԳԻՐԸ

02.03.2012

Այսօր Բրյուսելում Եվրամիության երկրները վերջապես կկնքեն Բյուջետային պակտը, որի օգնությամբ նախատեսվում է ԵՄ երկրներում ներդնել ֆինանսական քաղաքականությունների նկատմամբ խիստ սահմանափակումներ:
Եվրոպայի շուրջ ձեւավորված բարդ իրադրությունը, սակայն, թույլ է տալիս ենթադրել, որ միայն Բյուջետային պակտի հաստատումը դեռ չի նշանակում ճգնաժամի հաղթահարում: Ընդհանուր առմամբ, նույն կարծիքին է նաեւ հենց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն, ով այդ մասին ասել է.
"Այս համաձայնությունը միակողմանի է: Չի կարելի հենց այնպես կրճատել բյուջեները: Անհրաժեշտ է նաեւ դնել նպատակներ ու մշակել ներդրումային ռազմավարություն, այլապես չեն լինի ոչ տնտեսական աճ, ոչ նոր աշխատատեղեր":
Բյուջետային պակտի այսպես ասած "կարողությունները" կասկածի տակ առնելով համաձայնությանը դեմ են հանդես եկել ԵՄ երկու երկրներ` Մեծ Բրիտանիան ու Չեխիան: Չնայած այդ երկրների` ԵՄ հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ թերահավատ վերաբերմունքը բնավ նորություն չէր:
Սույն թվականի հունվարին, երբ դեռ քննարկվում էր Բյուջետային պակտի ընդունումը, արդեն հայտնի էին պակտին դեմ այդ երկու երկրները: Այդ ժամանակ դեռ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը հանդես եկավ մեկնաբանությամբ, համաձայն որի պակտն ինքնիշխանության օրենքների խախտում է` հավելելով. " Մեր համազգային շահերից է բխում, որ պայմանագրին միացած երկրները իրավիճակը կարգի բերեն, սակայն մեր շահերից է բխում նաեւ, որ պայմանագիրը չխախտի որեւէ մեկի անհատական շահերը": Վերջին արտահայտությամբ Քեմերոնը հաստատեց Բրիտանիայի ձգտումները` չունենալով պակտի ընդունումից բխող պարտավորություններ՝ հանձն առնել համաեվրոպական այդ գործընթացի վերահսկողական ղեկը:
Հենց նույն ժամանակահատվածում, երբ հայտնի դարձավ պակտին դեմ երկրորդ երկրի անունը` Չեխիան, միջազգային լրահոսում հայտնվեցի հեգնական արտահայտություն` "վերջապես Լոնդոնն ընկեր գտավ" (թեմային առավել մանրամասն "Արմեդիա" ՏՎԳ անդրադարձել է "Մեծ Բրիտանիան` Եվրամիության ոստիկա՞ն" նյութում):
Հատկանշական է, որ դեռեւս հունվարին Չեխիայի վարչապետ Պետեր Նեչասը պնդում էր, որ համընդհանուր Բյուջետային պակտին Չեխիան, հնարավոր է, կողմ քվեարկի, սակայն ինչպես ցույց տվեցին փաստերը, "ոստիկանությունում" աշխատելը Չեխիային դուր է եկել:
Իսկ միգուցե և այդ երկրներն ավելի ճշգրիտ են գնահատում իրավիճակը, քանի որ շատ վերլուծաբաններ կարծում են, որ "ձգելով գոտիներն" այն պայմաններով, ինչ առաջարկում է այսօր ԵՄ, հնարավոր չէ տնտեսական աճ ապահովել: 

← Վերադառնալ ցուցակին