Վերլուծություններ

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբ. 20 տարի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն

25.03.2012

Մարտի 24-ին լրանում Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ստեղծման, ավելի ստույգ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խորհրդաժողովի գումարման քսան տարին: Այն ժամանակ՝ 1992 թվականին, հավանաբար ոչ ոք չԷր կարող պատկերացնել, որ կարգավորման գործընթացն այսքան երկար կձգվի: Նույնիսկ այժմ՝ քսան տարվա միջնորդական ջանքերից հետո, խաղաղ բանակցությունների վերջն առայժմ չի երեւում: Թեեւ մի բան պարզ Է. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, իսկ ԼՂՀ-ի անկախությունը քննարկման ենթակա չԷ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայիս ձեւաչափը վերջնականապես ձեւավորվել Է 1997 թվականին, երբ մի շարք փոխարինումներից եւ զիջումներից հետո համանախագահներ դարձան ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: 1996 թվականի վերջից ռուսաստանցի միջնորդը ստացավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտական համանախագահի պաշտոնը: 1997 թվականի հունվարի 1-ին Ֆրանսիան նույնպես ընտրվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ: Դրան խստիվ առարկեց Ադրբեջանը, որը Ֆրանսիան համարում Է հայամետ տրամադրված պետություն այնտեղ մեծաթիվ հայ համայնքի առկայության պատճառով: Ադրբեջանը խնդրանքով դիմեց ԵԱՀԿ-ին՝ վերանայելու իր որոշումը եւ նշանակելու ԱՄՆ-ի ներկայացուցչին: Արդյունքում՝ 1997 թվականի փետրվարի 14-ին, ԵԱՀԿ-ում փոխզիջումային որոշում ընդունեցին երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասին:
Քսան տարվա ընթացքում ներկայացվել են կարգավորման զանազան տարբերակներ, որոնք կողմերից ոչ մեկին չԷին բավարարում եւ չբերեցին հակամարտության կարգավորման: Բանակցությունների տեղապտույտի հարցում քիչ դեր չի խաղում Ադրբեջանի բռնած ոչ կառուցողական դիրքը, որը հրաժարվում Է կատարել նույնիսկ այն նվազագույն պայմանները, որոնք պնդում Է համաշխարհային հանրակցությունը՝ ի դեմս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի:
Պայմաններից գլխավորը դիպուկահարներին հետքաշելն Է եւ հրադադարի ռեժիմի խախտման անթույլատրելիությունը: Միակ տարբերակը, որը բավարարում Էր Ադրբեջանին, «փաթեթայինն» Էր, այսինքն՝ ԼՂՀ-ի դորքերի դուրսբերումը անվտանգության գոտուց, տեղահանվածների ու փախստականների վերադարձը Ղարաբաղ եւ լայն ինքնավարությունը Ադրբեջանի կազմում՝ հետագայում հանրաքվեի անցկացմամբ: Բնականաբար, հայկական կողմի համար այդ տարբերակը բացարձակապես անընդունելի Է, հավասարապես նաեւ՝ «ընդհանուր պետության» տարբերակը, որում Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն պետք Է ապրեն միասին:
Այժմ բանակցությունների սեղանին դրված են այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա կողմերը պետք Է հաշտության համաձայնագիր ստորագրեն: Վերջին հինգ տարում համանախագահների բոլոր տարածաշրջանային այցերը նպատակամղված են եղել հակամարտող կողմերի հաշտեցմանը: 2008 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրվել Է Մայենդորֆի հռչակագիրը: Դրանում, մասնավորապես, ասվում Է, որ կողմերը «հավաստում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդական ջանքերի շարունակման կարեւորությունը՝ հաշվի առնելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կողմերի հետ նրանց հանդիպումը եւ քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների լրամշակման նպատակով հետագա բանավեճերը»:
Վերջին տարիներին ԵԱՀԿ-ի գագաթնաժողովներում համանախագահ երկրների ղեկավարների կողմից ընդունվել են հայտարարություններ, որոնցով կոչ Է արվում՝ շուտափույթ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այսօր եւս մեկ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը եւ Ալեն Ժյուպեն: «Մենք կոչ ենք անում կողմերի ղեկավարներին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հնարավորինս արագ ավարտել շրջանակային համաձայնագրի եւ հետագա վերջնական որոշման հետ կապված աշխատանքը՝ հիմնվելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ժողովուրդների իրավահավասարության սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմաների եւ սկզբունքների վրա, ինչը թույլ կտա ողջ տարածաշրջանին՝ դուրս գալու ստատուս քվոյի շրջանակներից եւ շարժվել դեպի ավելի անվտանգ ու բարգավաճ ապագա»,-ասված Է հայտարարության մեջ: Տարածաշրջանի ժողովուրդները շատ են տուժել պատերազմի հետեւանքներից, եւ կարգավորման հասնելու հարցում ցանկացած ձգձգում միայն կերկարացնի նրանց դժվարությունները: Մենք կոչ ենք անում կողմերի ղեկավարներին՝ բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»,-ընդգծվում Է եռակողմ հայտարարության մեջ:
Մինչդեռ ԵԱՀԿ-ի այս եւ մյուս հայտարարությունները ոչ մի կերպ չեն ազդում Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ՝ նրա նախագահի վրա, որը տեղի ու անտեղի սպառնում Է պատերազմով, ժամանակակից զենք Է գնում ու սադրանքներ սարքում շփման գծում:
Բայց մի բան Էլ պետք Է հավելել. քանի դեռ ԼՂՀ-ի ներկայացուցիչները չեն դարձել բանակցությունների լիիրավ մասնակիցներ, հակամարտությունը չի լուծվի: Պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, ստիպված կլինի նույն սեղանի շուրջը նստել պաշտոնական Ստեփանակերտի հետ, որքան Էլ որ նա դրան հակառակվի: 

← Վերադառնալ ցուցակին