Վերլուծություններ

Ազգայնականություն

29.03.2012

Պետք է ասել, որ հասարակական գիտության կողմից առայսօր չի տրված ազգայնականության միասնական, ընդունված սահմանում. կա շփոթ՝ ազգայինի, ազգայնականության և ազգայնամոլության: Մենք, հետևելով Հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք ՙազգային՚ և ՙազգայնական՚ հասկացությունները (պատահական չէ, որ արևմտահայերենում դրանք նույնիմաստ են), միաժամանակ, մերժում՝ ազգայնամոլությունը, ինչպես ամեն մի մոլություն:
Ըստ այդմ, ազգայնականությունը (նացիոնալիզմ)՝ իբրև զգացում, մտածում և գործելակերպ, որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին եւ հարատևել իր հայրենիքում, առանց ուրիշի հայրենիքի վրա աչք ունենալու, առանց ուրիշին իր կենսակերպը պարտադրելու, այսինքն` առանց ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը խախտելու: Ազգայնականությունն, ուրեմն, ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ եւ որպես այդպիսին՝ հավիտենական արժեք է:
Այս ձևակերպմամբ, ազգայնականությանն անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որը հատուկ է ազգայնամոլությանը (շովինիզմ):
Մեզանում, ցավալիորեն, դեռևս ընդունված է ազգայնականությունը գնահատել արևմտյան ինչ-ինչ չափանիշներով կամ նախկին՝ կոմունիստական ըմբռնումներով և այն ներկայացնել իբրև ծայրահեղականություն, ազգայնամոլություն: Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությունը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրև հենարան օգտագործում են հասարակության անգիտակից և խաժամուժ (լյումպեն) տարրերը. երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը: Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձևակերպված գաղափարաբանությունները, այն ներկայացնող անհատների հզոր իմացականությունը:
Կարծիք կա, որ ազգայնականությունն այսօր մեզանում հող չի կարող ունենալ, քանզի Հայաստանն էթնիկապես գրեթե միատարր է: Սա, անշուշտ, ազգայնականության էությունը չընկալելու և այն ստվերոտ կողմերով տեսնելու արդյունք է: Ազգայնականությունը, ինչպես վերը նշեցինք, տվյալ ազգի՝ իր բնական հայրենիքում հարատևելու եւ սեփական արժեքներին հավատարիմ մնալու, դրանք զարգացնելու խնդիր ունի: Ըստ այդմ, անկախ այն բանից` Հայաստանն էթնիկապես միատարր է, թե ոչ, միևնույն է, մեզ համար գոյություն ունի Հայրենիքի ամբողջական վերատիրման և սեփական կենսաձևով ապրելու խնդիր:
Իսկ որ այսօր անհրաժեշտություն կա հայրենատիրական գաղափարների վերարծարծման, մեր բարոյական, մշակութային արժեքների կորստի ահազանգման, փաստ է: Հայության մի զգալի մասի մոտ (ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում) հայրենատիրության կրակն աստիճանաբար մարում է. Հայկական բարձրավանդակի վերատիրման կամ ինչպես ընդունված է ասել՝ Հայ դատի խնդիրը շատերի համար դարձել է անիրականանալի երազ եւ դրա արծարծումն էլ՝ ժամանակավրեպ: Այսօր հայությունը օտար արժեքների լայնաճակատ քարոզչության ազդեցությամբ, աստիճանաբար հեռանում է իր հոգևոր, մշակութային, բարոյական արժեքներից, իսկ Հայաստան թափանցած աղանդները, հազար ու մի ՙմարդասիրական՚, ՙբարեգործական՚ կազմակերպությունները ազատ, անարգել հունձք են անում: Այսքանն էլ բավարար է ասելու, որ մեզանում այսօր ազգայնականության պակաս կա:
Բայց որքան անցանկալի է ազգայնականության պակասը, նույնքան էլ` դրա չարաշահումը:

Մուշեղ Լալայան
ՀՀԿ նախագահի տեղակալ

← Վերադառնալ ցուցակին