Նախագահ

ԴԱՐՁ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ

10.04.2012

Ո՞րն է սփյուռքի հայորեն գոյատեւելու իմաստը, մի՞թե ինքնանպատակ է հայապահպանումը Հայրենիքից դուրս, եւ կամ` ի՞նչ է սփյուռքի կորուստը հայության համար: Սրանք հարցադրումներ են, որոնք պատասխանների կարիք ունեն հատկապես մեր օրերում, երբ սփյուռքի ձուլման աննախադեպ տեմպերը աչքի առաջ են, իսկ շատ սփյուռքահայեր իրենց հարց են տալիս, թե ինչու պիտի օտար միջավայրում դպրոց, եկեղեցի պահեն, այլազգիների հետ չխառնվեն, երբ այդ ամենը այլոց շրջապատում դժվարացնում է իրենց կյանքը, անձնական բարեկեցության խնդիրը:
Մենք ասում ենք. գաղթաշխարհի հայապահպանումն ունի միայն մեկ նպատակ` Հայաստան վերադառնալ որպես հայեր, այսինքն` հայ մնալ մինչեւ հայրենադարձություն:
Սփյուռքը հավիտենորեն հայ մնալու միայն մե´կ ճանապարհ ունի` վերադա´րձ իր նախահայրերի սրբազան հողը. հակառակ դեպքում` նա դատապարտված է` աստիճանական ուծացումի ճանապարհով, պատմության ասպարեզից հեռանալու: Ահա´ թե ինչու «Դա´րձ դեպի Հայրենիք», «Հայահավա´ք Ցեղի բնօրրանում» կարգախոսները պիտի ամրագրվեն իբրեւ սփյուռքահայության գոյության նպատակներ:
Անշուշտ, սփյուռքի կորուստը մեզ համար նաեւ քանակական կորուստ է, բայց առավելապես` որակական, ասել է թե` էության կորուստ: Սփյուռքահայության կորուստը նույնքան սպառնում է մեր էությանը, որքան օտարի կողմից նվաճված Արեւմտահայաստանի կորուստը: Եվ հայրենաբնակ հայության կապը սփյուռքահայության հետ մեզ համար առաջին հերթին էակցական կապ է:
Կորսված հայրենիք տենչալով` մենք ոչ թե բաղձում ենք տնտեսական կամ այլ կարգի շահավետություն, այլ` նախ եւ առաջ աղճատված էության ամբողջացում. սփյուռքահայություն կորցնելով` մենք վերստին կորցնում ենք էություն, այն առավել աղճատում:
Եվ այն սփյուռքահայերը, որոնց համար հայ մնալը, հայեցի ապրելը, իրենց սերունդների հայկականորեն դրսեւորվելը կյանքի իմաստ են, իհարկե, պետք է ձգտեն եւ կձգտեն Հայրենիք վերադառնալ: Եթե այդ զգացումները չկան, գիտակցական այդ դաշտը ձեւավորված չէ, պարզ է, որ մարդն իր բնօրրան չի վերադառնա: Այդօրինակ մարդկանց հետ հարաբերությունները պետք է կառուցել այլ հարթության մեջ` ելնելով հայկական գլոբալ համակարգի (համահայկական ցանցի) կայացման անհրաժեշտությունից:

Մուշեղ Լալայան
ՀՀԿ նախագահի տեղակալ
 

← Վերադառնալ ցուցակին