Նախագահ

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ

18.04.2012

Ձեւակերպումների եւ տերմինների մասին։ Տարբեր գաղափարախոսական բնույթի ուսմունքները հայտնի են դեռ վաղ պատմական դարաշրջաններից։ Սակայն գաղափարախոսություն եզրը՝ որպես հասարակագիտական-փիլիսոփայական հասկացություն, շրջանառության մեջ է մտցվել 19-րդ դարի սկզբին ֆրանսիացի Դեստյուտ դը Տրասիի կողմից։ Սխեմատիկորեն գաղափարախոսությունը սահմանվում Է որպես հասարակությանը, անձին եւ մեզ շրջապատող աշխարհին ուղղված հայացքների մի համակարգ։ Ընդունված Է համարել, որ գոյություն ունեն երկու այսպես կոչված ունիվերսալ գաղափարախոսություններ՝ սոցիալիստական (հիմնարար դրույթը հասարակությունում սոցիալական հավասարության սկզբունքների գերակայությունն է) եւ ազատական (հենքում ընկած Է անձի ազատության գերակայությունը)։ Նման դասակարգումը պայմանավորում են նրանով, որ այդ գաղափարախոսությունների բովանդակությունը կազմող գաղափարները եւ մոտեցումներն այս կամ այն չափով համատեղելի են կամ կարող են օգտագործվել գրեթե բոլոր հանրությունների կողմից, անկախ նրանց էթնիկական, կրոնադավանական կամ, եթե ավելի ընդհանրական մոտենանք, քաղաքակրթական պատկանելությունից։ Ի տարբերություն այդ երկուսի, ազգային-պահպանողական բնույթի գաղափարախոսությունները հենվում են տվյալ հանրությանը բնորոշ ազգային-քաղաքակրթական արժեքների, պատկերացումների եւ ավանդույթների վրա։

Երբեմն ազգային-պահպանողական գաղափարախոսությունը շփոթում են ազգային գաղափար հասկացության հետ։ Դա թերեւս պայմանավորված է նրանով, որ վերջինս չունի հստակ գիտական ձեւակերպում, եւ տարբեր հեղինակներ այն մեկնում են յուրովի։ Շարունակելով այդ ավանդույթը՝ ներկայացնենք մեր մոտեցումը, համաձայն որի՝ ազգային գաղափարը ազգի ռազմավարական նպատակն է կամ գերխնդիրը։ Այլ խոսքերով՝ ազգային գաղափարը այն տեսլականն է, որին պետք է ձգտի տվյալ ազգը։ Կարծում եմ նաեւ, որ ազգային գաղափարի իրականացումը դժվար է պատկերացնել առանց գաղափարախոսական ուղեկցման կամ աջակցման։ Որոշակի շփոթ կա նաեւ՝ կապված ուսմունք (դոկտրին) եզրի հետ, այն նույնպես մեկնաբանվում Է որպես աշխարհայացքային համակարգ, որը, սակայն, վերաբերում է այս կամ այն ոլորտին։ Ուսմունքը, կախված նրա հեղինակի(ների) մտավոր եւ հոգեւոր կարողություններից, կարող է ինչ-որ գաղափարախոսության մաս կազմել կամ էլ լինել ավելի լայն ու խոր կատեգորիա, քան գաղափարախոսությունը, ի դեմս, օրինակ, համաշխարհային կրոնների։

Գաղափարախոսությունների մենատիրություն եւ համադրում։ ժամանակի ընթացում գաղափարախոսությունները, չնայած դրանց հիմնարար դրույթների անփոփոխությանը, որոշակի զարգացումների են ենթարկվում։ Երբեմն դա տալիս Է դրական արդյունքներ, երբեմն՝ ոչ այնքան։ Սակայն ամենամեծ փորձությունները սկսվում են այն ժամանակ, երբ հանրությունում որեւէ գաղափարախոսություն մենաշնորհ եւ բացարձակ գերակայություն է ձեռք բերում։ Որպես կանոն, դա շատ ծանր հետեւանքներ է ունենում տվյալ երկրի համար։ Դրա դասական օրինակներն են նացիոնալ–սոցիալիզմի գերիշխումը Երրորդ ռայխում կամ սոցիալիզմի տոտալիտար մոդիֆիկացիայի հաստատումը Խորհրդային Միությունում։ Միեւնույն ժամանակ, պատմական փորձը վկայում է, որ հանրությունները, որոնք կարողանում են համատեղ կիրառել ունիվերսալ (ազատական եւ սոցիալիստական ուղղվածության) եւ ազգային-պահպանողական բնույթի գաղափարախոսությունները, զգալի զարգացում եւ առաջընթաց են ապրում։ Նման «գաղափարախոսական տրիադան» մեծացնում եւ ավելի ճկուն է դարձնում հանրության հայեցակարգային բնույթի ռեսուրսները, ինչը թույլ է տալիս ավելի համարժեք եւ արդյունավետ արձագանքել արտաքին եւ ներքին մարտահրավերներին։ «Գաղափարախոսական տրիադայի» դասական արտահայտություն է անգլոսաքսոնյան քաղաքական մոդելը։ Սակայն կան ավելի թարմ օրինակներ։ Օրինակ, Մաո Ցզե Դունի դարաշրջանում ձեւավորված «միագաղափարախոսական» ՉԺՀ-ն, ամենայն հավանականությամբ, կավարտեր իր գոյությունը նույնքան անփառունակ, որքան ԽՍՀՄ-ը։ Սակայն Դեն Սյաո Պինը ներդրեց այդ համակարգում ազատականության եւ ազգային պահպանողական գաղափարախոսությունների տարրերը, եւ թե ինչի է հասել Չինաստանն այսօր, կարծում եմ, այս հարցում մեկնաբանություններն ավելորդ են։

ՀՀ գաղափարախոսական խնդիրները։ 1991 թվականից հետո մեր հանրությունը վճռականորեն հրաժեշտ տվեց կոմունիստական գաղափարախոսությանը։ Սակայն նրան փոխարինելու եկած վուլգար ազատականությունը, որը շատ կարճ ժամանակահատվածում «կարողացավ» կազմալուծել հանրապետության արդյունաբերական եւ գիտատեխնիկական համակարգը, ի վիճակի չեղավ լցնելու գաղափարախոսական վակուումը։

Ներկայում մեր հանրությունում, անշուշտ, առկա է գաղափարախոսական միջավայրի որոշակի պակաս։ Օպտիմալ գաղափարախոսական համակարգի կայացումը կարիք ունի ե՛ւ տեսական քննարկումների, ե՛ւ գործնական քայլերի։ Այդ առումով թերեւս հիմնական պատասխանատվությունը պետք է կրի մեր ընտրանին (ինչպես քաղաքական, այնպես էլ հոգե-մտավոր), առաջնորդվելով «գաղափարախոսական տրիադայի»՝ ազատական, սոցիալիստական եւ ազգային պահպանողական գաղափարախոսությունների տարրերի համադրման սկզբունքով։ 

Գագիկ Հարությունյան

  «Նորավանք» ԳԿՀ տնօրեն

← Վերադառնալ ցուցակին