Հարցազրույցներ

Երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն անհեթեթ, անիմաստ է․ Սամվել Նիկոյան

01.03.2019

Հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին բացահայտել մարտի 1-ը: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե այն արդեն իսկ բացահայտված է: Մինչդեռ առ այսօր չկա գլխավոր հարցի պատասխանը` ի վերջո, ո՞վ սպանեց մարտի մեկի 10 զոհերին: Տպավորություն է, որ ամենակարեւորը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քր. գործ հարուցելն էր։

Մեր զրուցակիցը ԱԺ նախկին նախագահ, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն է:

–ՀՀ երկրորդ նախագահին մեղադրում են 2008 թ.-ի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

–Եթե փորձենք անդրադառնալ եւ բացատրություններ տալ այդ մեղադրանքին, պետք է ասենք, որ անհեթեթություն է եւ անիմաստ: Մեր հանձնաժողովը տարիուկես աշխատել է եւ ամբողջ տեղեկատվությունը ստացել է ընդդիմությունից, պետական մարմինները, ցավոք, շատ քիչ նյութեր են տրամադրել հանձնաժողովին: Հիմնականում ընդդիմադիր թերթերն ու լրագրողներն են տվել տեղեկատվություն, տեսանյութեր եւ այլն: Մեր ամբողջ ինֆորմացիոն բազայի գրեթե 60-70 տոկոսն այնտեղից է ստացվել եւ ամենօրյա շփումներից ընդդիմության հետ, ովքեր եղել են այն ժամանակ եւ մասնակցել են իրադարձություններին: Նույնիսկ վիրավորների հետ ենք հանդիպել եւ տարիուկեսվա ընթացքում որեւիցե մեկն այն ժամանակ չի փաստել, որ որեւէ զինվորական մասնակցել է մարտի 1-2-ի իրադարձություններին: Այսինքն` ցուցարաների հետ ուղիղ կոնտակտի մեջ եղած զինվորականների մասնակցության որեւիցե փաստ այն ժամանակ չեն հայտնել հանձնաժողովին: Միայն տեսանյութերով ցույց են տվել, թե որոշակի տեխնիկա է շարժվում։ Ակնհայտ է, որ օբյեկտներ կան, որոնք պետության կողմից պաշտպանվում են, եւ զինվորականներն այդ օբյեկտների պաշտպանությունն ուժեղացրել էին կամ միգուցե փոխարինել էին նաեւ ոստիկաններին, որոնք զբաղված էին իրենց գործով, իսկ օբյեկտների պաշտպանությունը բանակն էր անում: Եթե հիմա` ինչ-որ մեկը տասը տարի հետո, հայտարարում է, թե եղել է զինվորականների մասնակցություն, լրացուցիչ հիմնավորումներ ունի, ես չգիտեմ, բայց խիստ կասկածներ ունեմ դրա հիմնավորման վրա:

–Այսինքն` շատ չարչրկված, այսպես ասած՝ առեղծվածային 0038 հրամանի տակ վտանգավոր որեւէ բան չկա՞ր...

–Ճիշտն ասած, այդ հրամանի մասին այն ժամանակ որեւէ խոսակցություն չի եղել, ոչ էլ մեր իրավասության մեջ մտել է այդ հարցերի քննարկումը: Ուղղակի ընդդիմությունը, որ հարցեր է առաջ քաշել, փորձել ենք ուսումնասիրել եւ պատասխանել: Օրինակ, ասում էին, թե պաշտպանության նախարարության իրային պահեստներից այսքան համազգեստ է տրվել օլիգարխներին (ի դեպ, նրանք արդեն գործարարներ են համարվում) թիկնազորին բաժանելու համար: Սրա վերաբերյալ անմիջապես աշխատանքային խումբ ձեւավորվեց հանձնաժողովի կողմից եւ աշխատանքային խմբի ղեկավար առաջարկվեց, որ լինի Գուրգեն Արսենյանը, որը հանձնաժողովի աշխատանքների շատ հարցերում ուներ իր դերակատարումը: Այդ աշխատանքներն ինքը ղեկավարեց, որովհետեւ պահեստների, գույքերի եւ այլ հարցերում մեր միջից ամենալավն ինքն էր տիրապետում: Իսկ ուսումնասիրության վերջում գրավոր հաշվետվությամբ հանդես եկավ եւ փաստերով ապացուցեց, որ այդ պահեստից, որ նշվում էր, նման ապրանքների տեղաշարժ չի եղել:

Աղբյուրը՝ yerevan.today

← Վերադառնալ ցուցակին