Հարցազրույցներ

Հայաստանը զենքից հրաժարվել է. ուլտիմատումի առաջ կանգնած իշխանությունը երկիրը դարձրել է գերտերությունների հաշիվ պարզելու տեղ. Հայկ Մամիջանյան

03.02.2023

 «Նախքան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ասածները մեկնաբանելը, պետք է հստակ հասկանալ, թե որոնք են նման հայտարարությունների դրդապատճառները. այդ համատեքստում, իմ համոզմամբ, Լավրովը նման բան է ասում, որովհետև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից խուսափել է հայտարարել, որ Շուշին, Հադրութը և մյուս տարածքներն Ադրբեջանն օկուպացրել է։ Մեծ համատեքստում, այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում և Հայաստանում, վկայում է հայկական կողմի թերի աշխատանքի մասին, ուստի ինձ համար անընկալելի է Բրյուսելից կամ Մոսկվայից այս կամ այն դիրքորոշման համար նեղանալը, որովհետև աշխարհի որևէ երկրի ղեկավարից չես կարող պահանջել լինել Հայաստանի ղեկավարությունից ավելի հայ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել էր, թե՝ «երբ երկար տարիներ Հայաստանն իրեն էր պահում յոթ շրջաններն Ադրբեջանի շուրջ, և հետո, երբ քաղաքական ճանապարհով հարցերը լուծելու հուսահատություն տիրեց, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռ նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընկալում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնել։ Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում»։

 

«44-օրյա պատերազմը չի՛ կարող լեգիտիմացնել ագրեսիան, որովհետև առկա է Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մակարդակով արված 5 հայտարարություն ուժի կիրառումը բացառելու մասին։ Նույն ՌԴ նախագահները՝ տարբեր ժամանակներում՝ Մեդվեդև և Պուտին, ստորագրել են այդ 5 հայտարարություններից յուրաքանչյուրի տակ, որտեղ նշված է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և մյուս սկզբունքի մասին, հետևաբար՝ 44-օրյա պատրազմը սկսելով՝ Ադրբեջանը անարգել է հենց այդ 5 հայտարարությունը։ Ինչ վերաբերում է Լավրովի՝ Ալմա Աթայի հռչակագրին հղում անելուն, ինչն ինձ համար անընդունելի է, պետք է հիշեցնել, որ այդ հռչակագրի կնքումից դեռևս 20 օր առաջ է Արցախն անկախացել ԽՍՀՄ բոլոր օրենքներով։

Թե ինչո՞ւ է Լավրովը նման բան ասում՝ հարցի պատասխանը պարզ է՝ ասում է, որովհետև 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ալմա Աթայի հռչակագիրն Արցախի հարցի հետ կապել է հենց հայկական կողմը՝ Արարատ Միրզոյանը, հետևապես՝ ինչո՞ւ եք ակնկալում, որ որևէ երկրի ներկայացուցիչ չպետք է կրկնի այն, ինչը ներմուծել է հայկական կողմը»,- նկատեց Հայկ Մամիջանյանը։

Հայաստանին օկուպացիայի մեջ մեղադրող ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները Հայաստանի իշխանության վարած տապալված արտաքին քաղաքանության ուղիղ հետևանք համարելով՝ Հայկ Մամիջանյանը հիշեցրեց այլ ձախողումների մասին, մասնավորապես՝ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարումից՝ մինչև սպառազինության առաջարկի մերժում։

«Խնդիրը շատ ավելի խորն է. Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, Հայաստանը հրաժարվել է զենքից ու մերժել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, որը, ըստ Լավրովի երեկվա հայտարարության, կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ ուլտիմատումի առաջ կանգնած ՀՀ իշխանությունն աջակցություն ստանալու փոխարեն՝ Հայաստանը դարձել է գերտերությունների առճակատման հարթակ։

«Բոլոր այն երկրները, որոնք հանդգնություն են ունեցել իրենց տարածքը դարձնել գերտերությունների հաշիվ պարզելու վայր, շատ ծանր գին են վճարում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին