Լուրեր

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ պատվո մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ բժիշկների

03.03.2012

Մարտի 3-ին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մասնակցեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված գիտաժողովի հանդիսավոր բացմանը: Այն նվիրված էր ռազմաբժշկության անցած ուղուն եւ տեղի էր ունենում հայոց բանակի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակում:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տոնի առթիվ, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտում ցուցաբերած բուժօգնության, պաշտպանության համակարգում բուժծառայությունների կատարելագործմանն ու զարգացմանը նպաստելու համար ԱԺ պատվո մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ բժիշկների: Շնորհավորելով ներկաներին Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ` խորհրդարանի նախագահն ասաց.

«Մեր պետական տոնացույցում ներառված Բանակի օրվանից մեկ ամիս է անցել, բայց ես կարծում եմ, որ այս 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր հայ մարդու համար, յուրաքանչյուր օր տոն է, որովհետեւ այն կապված է մեր հայրենիքի, մեր պետության, մեր բանակի հետ:

Ստեղծվելով իբրեւ անհրաժեշտություն, հայկական զինուժը միաժամանակ մեր ժողովրդի անկեղծ զգացմունքների ծնունդն է, զինվորի ու նրա ծնողի ոգու, գիտակցության արդյունք: Պատահական չէ, որ հախուռն կամավորն ու կանոնավոր զինվորը իսկապես մեկ հոգի ու մարմին էին դարձել հանուն հայրենիքի պաշտպանության, որը հատկապես այդ օրերին իսկապես ավելի թանկ էր , քան սեփական կյանքն ու հարազատ ծնողը:

Զինվորի կյանքի գինը երբեմն նաեւ նրանից առավել գիտակցում ու այդ մասին մտածում էին մարդիկ, ովքեր բառացիորեն պայքարում էին դրա համար: Եւ նշանակություն չուներ, թե որտեղ էր այդ պայքարի դաշտը` առաջին գծում, դաշտային հոսպիտալում, գնդակների տարափի տակ, թե խաղաղ կամ համեմատաբար խաղաղ պայմաններում:

Նրանք Հիպոկրատի երդում էին տվել ոչ մարտի դաշտում եւ ոչ մարտադաշտ գնալու համար, սակայն իրենց գործով նորօրյա բովանդակություն հաղորդեցին այդ երդմանը: Թե մարտադաշտում, թե դրանից հեռու գտնվող իրենց աշխատավայրերում նրանք իրենց հնարավորություններն ու գիտելիքներն ի սպաս դրեցին պահպանելու, ավելացնելու հայոց բանակի ուժը, ամուր պահելու զինվորի ոգին, եւ իհարկե, փրկելու նրա կյանքը:

Պատերազմի դաշտում վիրավոր կամավորականին ու զինվորին բուժօգնություն ցույց տվողները ռազմական բժշկի մասնագիտացում չունեին, բայց ունեին հայրենիքին ծառայելու քաղաքացիական բարձր գիտակցություն, որը վերածվեց հայրենիքի զինվորի կյանքի համար պատասխանատվության, իսկ Հիպոկրատի երդումը` զինվորական երդման:

Նրանք դարձան զինվորի հոգատար հրամանատարն ու հրամանատարի պարտաճանաչ զինվորը, մարմնի ցավը բուժողն ու հոգու ցավը թեթեւացնողը, անծանոթ բարեկամն ու հարազատ անծանոթը:

Անհրաժեշտ պահին նրանք զենք բռնեցին ու նաեւ իրենց կյանքը զոհեցին, թեեւ կյանք փրկելու էին կոչված: Բայց, ցավոք, դա էր գինն այն հաղթանակի, որի արդյունքը օրեցօր ավելի վստահ քայլող մեր պետությունն է:

Իսկ այդ վստահության կարեւորագույն երաշխիքներից մեկը հայկական բանակն է իր անբեկանելի մարտունակությամբ:

Այդ վստահությունը ձեռք բերելու մեջ անուրանալի է այն բժիշկների ու բուժաշխատողների վաստակը, ովքեր պատերազմական գործողությունների օրերին մարտի դաշտում եւ թիկունքում փրկում էին զինվորի կյանքը:

Մեծ է նաեւ նրանց ներդրումը, ովքեր այսօր նպաստում են պաշտպանության համակարգում բուժծառայությունների զարգացմանն ու արդիականացմանը, ապագա ռազմական բժիշկների պատրաստմանը:

Սա ապացույցն է այն գիտակցումի, որ մեր առաջընթացի գրավականը բոլորիս ջանքերի մեկտեղումն է` զինվորական ծառայության մեջ, թե քաղաքացիական կյանքում: Տա Աստված, որ այդ ամենն իրականացվի խաղաղության եւ կայունության պայմաններում:

Թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ»:

Արցախյան ազատամարտի ժամանակ ցուցաբերած մասնագիտական օգնության համար ինը տասնյակ բժիշկներ արժանացան վարչապետի, պաշտպանության նախարարի եւ ԵԿՄ վարչության պարգեւների: ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պարգեւատրվեց պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:  

← Վերադառնալ ցուցակին