Լուրեր

Վազգեն Սարգսյան

05.03.2012

Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 53 տարեկան:
Անկախ և ժողովրդավարական Հայաստան ունենալու երազանքն էր, որ գրող-հրապարակախոս Վազգեն Սարգսյանին մղեց զենք վերցնել և պայքարի նետվել` հանուն ազգային երազանքի իրականացման:
<<Այսօր մեզ ոչ թե զինվորներ, այլ անկոտրում ոգով մահապարտ ռազմիկներ են անհրաժեշտ… Եվ դարն անպայման մերն է լինելու>>: Սա հայ ժողովրդի համար օրհասական պահին Վազգեն Սարգսյանի մարտակոչն էր` ուղղված ժողովրդին, իր ընկերներին, երկրապահ կամավորականներին:
Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը մեկ անգամ ևս առիթ է տալիս հետադարձ հայացք նետել ու վերհիշել վերջինիս անգնահատելի ներդրումների մասին հայ ժողովրդի ապագայի կառուցման գործում:
Վազգեն Սարգսյանն իր մեծ ներդրումն է ունեցել Արցախյան ազատամարտում նվաճած հաղթանակում, Հայաստանի սահմանների պաշտպանության և հզորացման գործում: Անուրանալի է նրա դերը հայոց ազգային բանակի ստեղծման, ինչպես նաև հայոց պետականության կայացման գործում: Ի նշան երախտագիտության` ազգին մատուցած ծառայությունների` ժողովուրդը նրան տվել է <Սպարապետ> պատվանունը:
Վազգեն Սարգսյանն ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, հետագայում` 1986-1989թթ. ղեկավարել է <Գարուն> ամսագրի հրապարակախոսության բաժինը:
1990-1995թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1992թթ.` ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1990-1992թթ. <<Երկրապահ>> կամավորականների ջոկատների հրամանատարն էր, 1991-1992թթ.` ՀՀ պաշտպանության առաջին նախարարը:
1992-1993թթ. Նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական` պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993թ.-ից` <<Երկրապահ>> կամավորական միության նախագահ:
Վ. Սարգսյանը 1993 -1995թթ. նշանակվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, այնուհետև, 1995 - 1999թթ. երկրորդ անգամ գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հատկանշական է, որ առաջնորդվելով ազգային միասնության և անկախ պետականության հաստատման և ամրապնդման գաղափարներով, ընդունելով Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը և ելնելով քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունից 1998թ.-ից հիմք է դրել <<Երկրապահ>>- <Հանրապետական>> միասնական քաղաքական գործունեությանը` ՀՀԿ-ի մեջ ընդգրկելով ԵԿՄ-ի քաղաքականացված հատվածը և դարձել է Հանրապետական կուսակցության առաջնորդ:
1999թ-ին եղել է Հայաստանի հանրապետական և ժողովրդական կուսակցությունների ստեղծած <<Միասնություն>> դաշինքի համանախագահ, նույն թվականին էլ նշանակվել է ՀՀ վարչապետ:
Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի, Արցախի հերոսի, <Ոսկե արծիվ> շքանշանի, ասպետի կոչումների: Եղել է ԽՍՀՄ, այնուհետև` Հայաստանի գրողների միության անդամ, գրականության բնագավառում Հայաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր:
Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր 1999թ.-ի հունիսից մինչև հոկտեմբերի 27-ը` ՀՀ Ազգային ժողովում կատարված սարսափելի ահաբեկչությունը:
1999թ-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանը:
Այսօր մենք ունենք կայացած, պետություն, ամուր պետականություն, որի հիմնաքարը դրել են նրանք` մեր ազգի նվիրյալները, ապագայի ուղիները մեզ համարհարթողները: Փա’ռք նրանց:

← Վերադառնալ ցուցակին