Լուրեր

«Մեր երգը Ձեզ» խորագրով համերգ` նվիրված կանանց տոներին

13.03.2012

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը կազմակերպել էին «Մեր երգը Ձեզ, սիրելի´ կանայք և աղջիկներ» խորագրով համերգ՝ նվիրված կանանց տոներին։ Համերգը տեղի է ունեցել քոլեջի վերանորոգված Մեծ դահլիճում։ Ցերեկույթին իրենց կատարումներով հանդես են եկել երաժշտամանկավարժական քոլեջի սաները՝ ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորելով ներկա բոլոր կանանց և աղջիկներին գարնանային գեղեցիկ տոների առթիվ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում ընդգծել է, որ հիմնադրամի ծրագրային քաղաքականության մեջ մեծ տեղ է զբաղեցնում միջին մասնագիտական կրթական ոլորտում տարվող աշխատանքը։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների ծրագրերի ֆինանսավորման խնդիրը։ Հիմնադրամի աջակցությամբ քոլեջների ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու մեր երկրում տեղի ունեցող տարբեր գործընթացներին։ Բոլոր ոլորտներում ակտիվորեն ներգրավված բուհական ուսանողության կողքին այսուհետև կտեսնենք նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին»,- նշել է Կարեն Ավագյանը։

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Հարությունյանը նույնպես կարևորել ` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում քոլեջում ուսանող երիտասարդներն իրենց ներդրումը կբերեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։


Panorama.am

 

← Վերադառնալ ցուցակին