Լուրեր

ՀՀ վարչապետն անխուսափելի է համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

13.03.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստան է հրավիրում իսրայելցի զբոսաշրջիկներին:
«Մենք պատրաստ ենք ընդունել իսրայելցի զբոսաշրջիներին: Առաջիկա տարիներին ակնկալում ենք ընդունել շուրջ երեք միլիոն զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև` շատ իսրայելցիների»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իսրայելական ynet.co.il կայքը տեղեկացնում է, որ ներկայում Հայաստանը տարեկան ընդունում է շուրջ 750 հազար զբոսաշրջիկների:
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը բարելավում է իր ենթակառուցվածքները և զբոսաշրջային միջավայրը: «Քրիստոնեության և ուխտագնացության առումով Հայաստանը հսկայական ժառանգություն ունի, նաև` մեծ ներուժ կրոնական զբոսաշրջության առումով, ուստի մենք այս հարցում ցանկանում ենք օգտվել Իսրայելի հսկայական փորձից»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստան այցելող իսրայելցի զբոսաշրջիկները մուտքի արտոնագիր ստանալու համար անցնում են շատ պարզ ընթացակարգ, մինչդեռ հայ ուխտավորներն, ովքեր ցանկանում են այցելել Սուրբ Երկիր, մեծ դժվարությունների առաջ են կանգնում, քանի որ Հայաստանում չկա Իսրայելի դեսպանատուն, ուստիև ստիպված են լինում գնալ Վրաստան` մուտքի արտոնագիր ձեռք բերելու համար:
«Հայաստանում իսրայելցի զբոսաշրջիկներին բազմաթիվ հետաքրքիր զբոսաշրջային վայրեր են սպասում`Կովկասի հեռավոր գյուղերից և հայկականությունը նշանավորող Արարատ լեռից մինչև հայկական կոնյակի պատրաստում ու տեղի հրեական համայնքի հետ հանդիպումներ»,- գրում է Զիվ Ռայնշտեյնը:
Հայաստանի վարչապետը և իսրայելցի լրագրողը զրուցել են նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ: «Կարծում եմ` Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է: Հնարավոր չէ հերքել պատմական ճշմարտությունը, և վաղ թե ուշ դա տեղի կունենա: Դա միակ ճանապարհն է նոր ցեղասպանությունները կանխելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարագացումներին և Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողություններին` ՀՀ վարչապետը նշել է, որ ևս մեկ փակ սահմանը վերջինն է, ինչ Հայաստանը կցանկանար:
Հրեաներին մեր երկիր այցելելու հրավերն արվել է Հայաստանի Մրցունակության ազգային հիմնադրամի կողմից:


Աղբյուրը՝ armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին