Լուրեր

Հայաստանյան բուհերում սովորող շուրջ երկու հարյուր ուսանողներ ստացան միանվագ կրթաթոշակ

14.03.2012

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Նախագահի աշխատակաղմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի գրասենյակի տնօրեն Արտակ Ճաղարյանը մարտի 14-ին մի շարք ուսանողների տրամադրեցին միանվագ դրամական աջակցություն` յուրաքանչյուրին երկու հարյուր հազար դրամի չափով:
Դրամական աջակցություն ստացած երկու հարյուրից ավելի ուսանողները Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր սովորում են հայաստանյան բուհերում եւ ունեն բարձր առաջադիմություն: Արմեն Աշոտյանի խոսքով` իրենք այդ ուսանողներին ունեն մի քանի հորդորներ, որոնցից առաջինը կոչն է հետագայում նույնպես լավ սովորելու, քանի որ կրթությունն է ապագայի հաջողությունների բացառիկ նախապայմանը: «Այնուհետեւ մենք կոչ ենք անում կրթությունն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք եւ ԼՂ` շենացնելու եւ զարգացնելու մայր հայրենիքի այդ հատվածները եւս»,- ասաց ԿԳ նախարարը` խորհուրդ տալով ստացած գումարն ուղղել ուսման վարձի փոխհատուցման կամ գրքեր, համակարգիչ ձեռք բերելուն:
Արտակ Ճաղարյանը նշեց, որ ցանկացած երկրի զարգացման, մրցունակ տնտեսության ու առավել եւս մրցունակ կադրեր ունենալու նախապայմանը բարձրագույն կրթությունն է: «Հասկանալի է, որ Կարեն եւ Սամվել Կարապետյանների ուշադրությունից չէր կարող դուրս մնալ կրթության ոլորտը: Մենք, ըստ էության, մեր լուման ենք ներդնում մեր երկրի եւ ժողովրդի ապագայի կերտման գործում»,- ասաց նա` հիշեցնելով, որ ծրագիրը ոչ թե սոսկ աջակցություն է, այլ խրախուսանք, որպեսզի ուսանողներն այսուհետ եւ կատարեն ներկայիս առաքելությունը եւ դառնան բարձրակարգ մասնագետներ:
 

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին