Լուրեր

Կիրականացվի "ՀԻՆ ԵՐԵՎԱՆ" քաղաքաշինական ծրագիրը

15.03.2012

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ների, «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Ե. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու` ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ Այդ պահից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում Երևանի Մ. Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման` «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար։ Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և մասնավոր ներդրումների հաշվին կորսված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր։

Պարզեցվում է տրանսպորտային միջոցի գրանցման կարգը

Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկին որոշումներից մեկում, չեղյալ ճանաչել երկու այլ որոշում` հնարավորինս պարզեցնելով և թափանցիկ դարձնելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգը, իրավական լուծում տալով ոլորտում առկա խնդիրներին։ Որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվում հաշվառման ժամանակ ԱՊՊԱ պայմանագրի և կտրոնի առկայությանը, դրանց ստուգմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելուն վերաբերող դրույթները։ Կառավարությունը հանդես է եկել նաև օրենսդրական նախաձեռնությամբ` հավանություն տալով և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։
Նկատի առնելով ընթացիկ տարվա բնակլիմայական պայմանների վատթարացումը, առատ տեղումները և մաքրման աշխատանքների ծավալի մեծացումը, կառավարությունը լրացուցիչ 50 մլն դրամ է հատկացրել մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանության, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների իրականացման նպատակով։
Նկատի առնելով ՀՀ ԳԱԱ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի բացառիկ նշանակությունը սեյսմիկ ռիսկի գնահատման, իրավիճակի վերլուծության և ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության ապահովման համար, կառավարությունն այն հետ է վերցրել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի շնորհիվ պետությանը սեփականության իրավունքով պատկանող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների ժամանակավոր բնույթ կրող թափուր պաշտոնները հնարավոր կլինի համալրել առանց մրցույթի և դրա հետ կապված մի շարք գործառույթների իրականացման։ Ուժը կորցրած ճանաչելով մեկ այլ որոշում, կառավարությունը դրանով իսկ վերացրել է ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնների համալրման գոյություն ունեցող ընթացակարգը և այն համապատասխանեցրել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, ինչը պայմանավորված է ՀՀ քաղաքացիներին ներկայումս տրամադրվող AM սերիայի անձնագրերի տպաքանակը 250 հազարով ավելացնելու անհրաժեշտությամբ։ Մեկ այլ որոշմամբ, որի ընդունումը բխում է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքից, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում նույնականացման քարտի հիման վրա ստանալ այլ երկրից վերադարձի վկայական։

«Մեկ պատուհանի» սկզբունքը կգործի նաև ազատ տնտեսական գոտում

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման, ինչպես նաև նման գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվության ներկայացման կարգերը,
- ՀՀ ԿԸՀ «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, ԿԸՀ վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը,
- «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրս, էլեկտրոնային թերթի միջոցով նպաստել Հայաստանի և սփյուռքի կապի ամրապնդմանը,
- «Հայկական սփյուռք-2011» տարեգրքի հրատարակման ծրագիրը,
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Միջազգային համադրումներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը,
- «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 2012-2014 թթ. կատարման ենթակա աշխատանքների ծրագիրը,
- «2012-2014 թթ. բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը,
- ՀՀ-ում 2012-2014 թթ. անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման ծրագիրը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի, հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների տպագրության համար արտաբյուջետային միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվները,
- ՀՀ 2012/2013 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում Եվրոպական Միության կրթական համակարգի ընդլայնման ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին։

Տեսչական բարեփոխումը թևակոխում է նոր փուլ

Գործադիրը հավանություն է տվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որի նպատակը կրթության ոլորտում միասնական պետական վերահսկողության իրականացումն է։
Կառավարության հավանությունն են ստացել «Այլընտրանքային ծառայության մասին» և ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և ևս հինգ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը։
Նիստում քննության է առնվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արա Սիմոնյանը և որի ընդունման դեպքում քաղաքացիները կարող են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կարգով բողոք ներկայացնել այդ որոշումն ուժի մեջ դնելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ գործադիրը որևէ առարկություն չունի։
Քննության է առնվել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ, հեղինակների կարծիքով, օրենսգիրքն առավել համահունչ կդառնա ՀՀ սահմանադրությանը։ Կառավարությունն արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի նախագիծն ամբողջությամբ։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձաբար հիմնադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև փոխադարձության սկզբունքով դեսպանություններ կառուցելու նպատակով միմյանց հողատարածք հատկացնելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Այլ որոշումներ

Իր նիստում կառավարությունը փոխել է Արարատի մարզի քաղաքային համայնքի հողերի մի մասի նպատակային նշանակությունը` կոմունալ ծառայությունների կազմակերպման նպատակով վարչական շենքի կառուցման և սպասարկման, ինչպես նաև հակակարկտային կայանների կառուցման համար։ Երկու այլ որոշումներով փոխվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի, կարգավորիչ ավազանի և օժանդակ կառույցների շինարարության, կապի ալեհավաք աշտարակի կառուցման համար։
ՀՀ կառավարության ս.թ. մարտի 29-ի նիստն արտագնա է և տեղի կունենա Կոտայքի մարզում։

gov.am

← Վերադառնալ ցուցակին