Լուրեր

Պարգևատրվել են "Գեղեցիկ Երևան" մրցույթի հաղթողները

15.03.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 15-ին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական հանձնաժողովի համակարգող, զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և «Գեղեցիկ Երևան» մրցույթի հաղթողների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի միջև լայնածավալ և արդյունավետ համագործակցությունն ու կարևորել ներկայում իրականացվող ծրագրերի շարունակականությունը: «Համոզված եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունը «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում և արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ–ի հետ տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ»,-նշել է քաղաքապետն ու ընդգծել, որ տարվող աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով քաղաքապետարանը մտադիր է այդ ծրագերում ներգրավել նաև երևանցիներին: ՄԱԿ-ի անունից շնորհավորելով Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ Դաֆինա Գերչևան իր հերթին հավաստիացրել է, որ հետաքրքրված է համագործակցության հետագա զարգացմամբ և ծրագրերի հաջող իրականացման համար կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների հանձնառությունը, բնակչության իրազեկվածությունն ու համագործակցությունը: «Այս ընդգրկուն ծրագրի միջոցով մենք հույս ունենք բարձրացնել Երևանի բնակչության բարեկեցությունը, քաղաքը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի` խթանելով նաև զբոսաշրջության զարգացումը: Նաև մայրաքաղաքի բնակչության համար ստեղծել նոր աշխատատեղեր, որը ևս պակաս կարևոր չէ»,-նշել է Դաֆինա Գերչևան: «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում համատեղ ֆինանսավորմամբ նորոգվել են մայրաքաղաքի բարեկարգման կարիք ունեցող որոշ հուշարձաններն ու մի շարք շենքերի ճակատային հատվածները, բարեկարգվել են հարակից տարածքները, ինչպես նաև ապահովվել են արտաքին լուսավորությամբ և գեղարվեստական ձևավորմամբ: Շնորհակալություն հայտնելով «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթի բոլոր մասնակիցներին գեղարվեստական ձևավորման հետաքրքիր առաջարկների ներկայացման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցույթի հաղթողներին հանձնել է հավաստագրեր ու պարգևավճարներ` մաղթելով նոր ու հետաքրքիր գաղափարներ:

armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին