Լուրեր

Դ.Հարությունյանն ընդառաջել է հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկներին

16.03.2012

ԱԺ քառօրյա նիստերին ընդառաջ խորհրդարանական մշտական հանձանժողովներում այսօր քննարկվել են մի շարք օրինագծեր, որոնք հնարավոր է պատգամավորների դատին ներկայացվեն հենց հաջորդ շաբաթ:
Այդպես, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցումով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա առաջարկի` քրեական դատավարության օրենսգրքի 442 հոդվածի համաձայն` անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:
Դ.Հարությունյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ փոփոխությունը կատարվել է հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկների հիման վրա, իսկ գործադրի ներկայացուցիչը` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ փոփոխությունների վերաբերյալ չունի: Ըստ այդմ` հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվող օրինագիծը կներառվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:
Եվս մեկ օրինագիծ ընդգրկվեց ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգ` «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Այն առաջարկում է ապրիլի 7-ը սահմանել ոչ աշխատանքային օր` այդպիսով հնարավորություն տալով ժողովրդին մասնակցելու Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին նվիրված եկեղեցական արարողություններին, որը, սակայն, կառավարությունը նպատակահարմար չէր համարել ընդունել: Այնուամենայնիվ հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ օրինագիծն ընդգրկվեց նստաշրջան և դեռ կքննարկվի օրենսդիրում:

Ի դեպ, Լ.Ալավերդյանի ներկայացրած ևս մեկ օրինագիծ նույն բախտին արժանացավ. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկելով Լ.Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կազմակերպված և իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծ, հանձնաժողովի անդամները դրան ևս դրական եզրակացություն տվեցին: 

panorama.am

← Վերադառնալ ցուցակին