Լուրեր

Գ. Մինասյան. Մեր կարգախոսը միտված է նոր որակական փոփոխությունների

16.03.2012

«Հանրապետականն իր իշխանության բոլոր տարիների ընթացքում միշտ էլ փոփոխություններ իրականացրել է և դրա շնորհիվ է, որ մենք ունեցել ենք այն բոլոր ձեռքբերումները, որոնք նույնիսկ մեր ընդդիմախոսները չեն կարող կասկածի տակ առնել»,- մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե ՀՀԿ-ն նախկինում էլ իշխանության ղեկին է եղել և ցանկության դեպքում կարող էր ավելի վաղ փոփոխություններ իրականացնել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
«Հասունացել է պատմական պահը, երբ Հայաստանի ժողովուրդը` մենք բոլորս, պիտի գործով ցույց տանք, թե ինչն է մեզ հոգեհարազատ` անցյալից եկող հոռի բարքե՞րը, որոնց իներցիան շարունակվում է մեր կենցաղում, թե՞ արդի քաղաքակրթական նվաճումները»,- մեջբերելով ՀՀ նախագահի վերջին ելույթը, ասաց Գ. Մինասյանը:
Ըստ բանախոսի՝ այսօր հասունացել է մի իրավիճակ, երբ ազգովի պետք է որոշենք. ուզում ենք ապրել հին հոռի բարքերի շրջապատում, թե նոր քայլ կատարել դեպի ժողովրդավարություն, եվրոպական արժեքներ: «Այսօր արդեն, այդ հարցի հետ կապված դիրքորոշման հստակություն է պահանջվում, անհրաժեշտություն է առաջացել որակապես նոր քայլ կատարել, որպեսզի կարողանանք ապահովել մեր մրցունակ կարգավիճակը և տարածաշրջանում, և առհասարակ միջազգային արենայում»,- ասաց Գ. Մինասյանը:
«Մեր կարգախոսը միտված է նոր որակական փոփոխություններին: Դժվար է ենթադրել, որ մենք առաջարկում ենք «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը՝ առանց հաշվի առնելով այն փաստը, որ այդ հավատը մենք արդեն ձեռք ենք բերել մեր նախորդ փոփոխություններով: Մենք ունեցել ենք հաջողված փոփոխություններ և դա է սնուցում հավատը, որը պետք է թույլ տա՝ իրականացնելու նոր, առավել առաջանցիկ փոփոխություններ»,- հավելեց նա: 

panorama.am

← Վերադառնալ ցուցակին