Լուրեր

Ազգային ժողովի քառօրյա նիստում

20.03.2012

Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Ըստ փոխնախարարի` առաջին ընթերցումից հետո 3 հոդվածներ հստակեցման նպատակով վերաձեւակերպվել են եւ չկան բովանդակային փոփոխություններ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին ՀՀ նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ինչպես նաեւ վավերացրին չորս համաձայնագրեր` 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը, 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը, 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգագման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը եւ 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիրը:

Քվեարկությամբ ընդունվեցին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» ու մի շարք օրենքներում լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագծերը:

Խորհրդարանի նախագահը պատգամավորների անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում ԱԺ նիստին ներկա «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջ» կրթահամալիրի ուսանողներին եւ դասախոսներին:

ԱԺ պատգամավորները քննարկեցին երրորդ ընթերցման ներկայացված «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Վերոնշյալ բոլոր օրինագծերի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծերի փաթեթը:

Ըստ փոխնախարարի` օրենքի նախագծի մշակումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն առավել դյուրին դարձնելուն: ՀՀ օրենքների ընդունման դեպքում վերանում է հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար հայտատուի կամ դիմումատուի կողմից հայտին կամ դիմումին կից կանոնադրություն, պետական գրանցման վկայական եւ (կամ) դրանց պատճեններ ներկայացնելու պահանջը` դիմումի կամ հայտի մեջ նախատեսելով միայն նշում պետական գրանցման համարի մասին:

Խորհրդարանը քննարկեց 1994 թ. մարտի 15-ին Երեւանում ստորագրված «ՀՀ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ՀՀ քաղաքացիների համալրման եւ զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագիրը: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը նշեց, որ համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ՀՀ քաղաքացիների` պայմանագրով ու զինակոչով համալրելու եւ զինվորական ծառայություն անցնելու կարգը: Ըստ պարոն Հարությունյանի` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց կառավարության հեղինակած «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի եւ Կարեն Ավագյանի նախաձեռնած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, երրորդ ընթերցմամբ` կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Լիլիթ Գալստյանի ներկայացրած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին», կառավարության «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագծերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2008 թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին» եւ 2010 թ. հունիսի 18-ին Երեւանում ստորագրված` ՀՀ կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ «Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական եւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 2011 թ. հունիսի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման միջոցով իրականացնել առավել արդյունավետ համագործակցություն մաքսային ծառայությունների միջեւ, որն էլ պետք է հիմնված լինի իրավական դրույթների վրա:

Պատգամավորների քննարկմանը ներկայացվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թ. տարեկան գործունեության ծրագիրը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովի կողմից ձեռնարկվող միջոցառումները հիմնված են ապրանքային շուկաների վերլուծության վրա: Հանձնաժողովը 2011 թ. առաջին ինն ամիսների ընթացքում ուսումնասիրել է թվով 13 ապրանքային շուկաներ, որոնցից 9-ը պարենային ապրանքային շուկաներ են, 4-ը` ոչ պարենային: Նա նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կնքել են փոխհամագործակցության հուշագիր, որի նպատակն է փորձի եւ տեղեկատվության փոխանակումը: Հանձնաժողովը նախատեսում է ստորագրել համագործակցության համաձայնագիր Ֆրանսիայի մրցակցության մարմնի հետ, ակտիվորեն մասնակցել նաեւ միջազգային համաժողովների, սեմինարների, մարզային այցեր իրականացնել, ամրապնդել այլ երկրների համանման կառույցների հետ համագործակցությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` մարտի 21-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:

parliament.am 

← Վերադառնալ ցուցակին