Լուրեր

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Երեվան քաղաքում

24.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երևան քաղաքում: Հանրապետության ղեկավարը նախ այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում: Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:
Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացվել է, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անմխիթար վիճակում գտնված տարածքները հիմնովին վերանորոգվել են: Բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելու և առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու համալսարանական մասնագետների փորձի ցուցադրման հնարավորություններ ստեղծելու նպատակով վերանորոգվել են մասնաշենքի երկու հարկերը: Այդտեղ կենտրոնացնել են վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու վիրահատարանները, որոնք ևս անբարեկարգ վիճակում են գտնվել։ Հիմնանորոգումից և վերազինումինց հետո համալիրի երկու հարկում կենտրոնացվել են նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու ութ վիրահատարանները:
Հիմնանորոգվել և նոր գույքով հագեցվել է նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի թերապևտիկ մասնաշենքի երրորդ հարկը, որտեղ տեղակայված են ընդհանուր թերապիայի կլինիկան, դիաբետոլոգիայի, ինչպես նաև պարբերական հիվանդության կենտրոնները։ Ընդհանուր ծավալով հիմնանորոգվել է 2,520 քմ տարածք, կատարվել է ավելի քան 421 մլն դրամի ներդրում։ Նշվել է, որ ֆինանսական ներդրումներն ամբողջովին իրականացվել են Երևանի պետական բժշկական համալսարանի սեփական միջոցներով։
Հիվանդանոցային համալիրում շրջայցից հետո, Նախագահը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ծանոթացել է կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի բարելավման նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսների հնարավորություններին, որոնք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում և, համաձայն Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտային հոսքերը: Ավտոբուսները ներկրվել են Նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«Հայգեր» մակնիշի թվով 249 այդ ավտոբուսները՝ ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ և 22 նստատեղով, համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով: Ավտոբուսների միջնամասի հարթակը նախատեսված է նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է մինչև տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Ավտոբուսներից մեկով Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակից մեկնել է Շահումյան հրապարակ, որտեղ ծանոթացել է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի ներկայացրած «Հայփոստ»-ի նորացված ավտոտրանսպորտային միջոցներին: «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչը և ընկերության պաշտոնատար անձինք Սերժ Սարգսյանին ներկայացրել են «Հայփոստ»-ում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ փոստային կապն ազգաբնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները:
Նշվել է, որ «Հայփոստ»-ի արդիականացման հերթական փուլը նշանավորվում է փոստային կապի ծառայությունների մոդելավորման ժամանակակից համակարգերի ներդրմամբ, ինչը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրում և օգտագործում, հիմնական միջոցների արդիականացման և վերանորոգման աշխատանքներ, աշխատողների վերապատրաստում, նոր սարքավորումների և տեխնիկական միջոցների ներդրում, նոր ծառայությունների մշակում և առաջարկում, սպասարկման որակի բարձրացում:
«Հայփոստ»-ի ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա լայնածավալ ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հավատարմագրային կառավարիչը ձևավորում են «Հայփոստ»-ի կառավարման նոր մոդել, որը հիմնված է արդիականացման Մաստեր պլանի վրա: Նորացված «Հայփոստ»-ը, ընկերության ղեկավարության հավաստմամբ, կապահովի ամենաօպերատիվ կապը Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմաններից դուրս գտնվող անձանց միջև: 

← Վերադառնալ ցուցակին