Լուրեր

Ազգի ու պետության շահի նվիրյալը

25.03.2012

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան հինգերորդ տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո'չ պաշտոնը եւ ո'չ էլ ճանաչումը:
Պատգամում էր` ամեն ինչ անել պետության հզորացման համար եւ այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա ու իր լուման ներդնի պետության զարգացման գործում։ Երազում էր, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, եւ իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ:
Նժդեհյան պատգամներն էին, որ նրան 1965 թվականից արդեն ընդգրկեցին հայ քաղաքական կյանքի մեջ, եւ այդ կյանքի որդեգիր Անդրանիկ Մարգարյանը 2007թ. մարտի 25-ին՝ 56 տարեկան հասակում, հավերժ ճամփորդի ուղին բռնեց, երբ մեր նորօրյա կյանքում գոյություն ունեցող դեռեւս բազմաթիվ դժվարությունները պիտի հաղթահարեր իր ճամփան անցնելիս։
Շատերի համար իրենց կյանքի երջանիկ օրերից մեկն էլ այն էր, երբ առիթ են ունեցել ծանոթանալու Անդրանիկ Մարգարյանի հետ, եւ ապա` տխուր օրերից մեկն էլ այն էր, երբ լսել են նրա մահվան լուրը։
Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի եւ մտքի անվրեպ թելադրանքով։ Անվրեպ, որովհետեւ չէր պատկերացնում հայ ժողովրդին առանց հայրենասիրության անհրաժեշտ ջիղի, ինչպես մարմինն առանց հոգու։
Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։
Այդպիսին էր եւ այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ: 

← Վերադառնալ ցուցակին