Լուրեր

Անիի վերականգնման համար հայ ճարտարապետները Թուրքիայից հրավերի են սպասում

27.03.2012

 Հայկական հնագույն մայրաքաղաք Անիում ակնկալվում է, որ գարնանը կսկսվեն վերականգնողական աշխատանքները: Հայ ճարտարապետները պատրաստ են մասնակցել «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիի վերականգնմանը, եթե թուրքական կողմն իրագործի ԻԿՕՄՕՍ-ի բանաձևը, որի կարեւորագույն կետերից մեկը ենթադրում է հայ մասնագետների փորձի ներգրավվում Անիում կատարվելիք ռեստավրացիոն և ամրակայման աշխատանքներին: «Մենք հետևում ենք զարգացումներին, միաժամանակ Անիում վերականգնողական աշխատանքների սկսմանը: Դրանք նախատեսվում են իրականացնել եղանակային համապատասխան պայմանների առկայության դեպքում», նշեց ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանը:
Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի Գլխավոր ասամբլեաների կողմից որևէ բանաձևի ընդունումից հետո այն առավելագույնը երկու ամիս ժամկետում անցնում է վերջնական լրամշակում, թարգմանվում է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով և փոխանցվում այն երկրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանին` ում վարչական տարածքում գտնվող ժառանգությանը վերաբերում է խնդրո առարկա բանաձևը: Ընթացակարգը ենթադրում է, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Փարիզում կայացած ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը`«Անիի Մայր տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ», արդեն ամենայն հավանականությամբ հանձնվել է թուրքական կողմին: Սակայն արձագանք դեռևս չկա:
Հայկական կողմը, հեղինակելով այս բանաձևը, հենվել է 2005թ. Չինաստանի Սիան քաղաքում ընդունված մի բանաձևի վրա, որը վերաբերում է «սահմանից այն կողմ» ժառանգությունների պահպանությանը: Հասմիկ Ազիզյանն ընդգծեց նաև, որ այսօր բոլոր երկրներն են ընդունում, որ ժառանգությունը պետք է պահպանել համատեղ ուժերով` անկախ գոյություն ունեցող անբարենպաստ քաղաքական համատեքստից:

← Վերադառնալ ցուցակին