Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆինլանդիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

04.04.2012

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 4-ին ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը դրական է գնահատում Ֆինլանդիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, եւ այն հավասարակշռված կեցվածքը, որ ունի Հայաստանին վերաբերող քաղաքական խնդիրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ տպավորիչ են այն հաջողությունները, որոնք գրանցել է Ֆինլանդիան տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այդ հաջողությունները, պարոն Նիկոյանի խոսքով, արժանի են ընդօրինակման:

ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանների ունեցած փորձն ու հեղինակությունը` ժողովրդավարական ինստիտուտների հզորացման, օրինաստեղծ գործունեության լիարժեք իրականացման համար: Որպես դրանց հասնելու ճանապարհներից մեկը նա նշեց պառլամենտարիզմի ավանդույթներ ունեցող այնպիսի երկրների հետ փոխադարձ շփումները, ինչպիսին Ֆինլանդիան է:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը Ֆինլանդիայի հետ հարաբերությունները կարեւորեց նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից: Այդ առումով ակնկալվում է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Հյուրի խնդրանքով` ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ-ում գործող ընտրակարգին, այն նախաձեռնություններին, որոնք միտված են ընտրությունները օրենքի պահպանմամբ ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելուն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էրկկի Տուոմիոյան կարեւորեց երկու երկրների խոհրդարանների միջեւ համագործակցությունը: Նրա խոսքով` ունենալով խորհրդարանական աշխատանքի փորձ` ինքը շատ մեծ նշանակություն է տալիս խորհրդարանների միջեւ կապերին, որոնք պետք է ընդլայնվեն ու շարունակական լինեն:

Արտգործնախարարը բարձր գնահատեց այն առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է Եվրամիություն ինտեգրման ճանապարհին: Նա պատրաստակամություն հայտնեց իրենց աջակցությունը բերել հետագայում իրականացվելիք քայլերում, ինտեգրման գործընթացում կարեւորելով երկրների ճկուն քաղաքականության որդեգրումը իրենց հարեւանների հետ:

Կարեւորելով Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրությունների ազատ ու արդար անցկացումը, Էրկկի Տուոմիոյան տեղեկացրեց, որ Ֆինլանդիան եւս իր ներկայացուցիչները կունենա դիտորդական առաքելություններում:

Արտգործնախարարն իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ԱԺ նախագահին, հանդիպմանը մասնակցող խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին:

← Վերադառնալ ցուցակին