Լուրեր

Հայաստանի եւ Չինաստանի նախագահները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

06.04.2012

 Հայաստանի եւ Չինաստանի նախագահներ Սերժ Սարգասյանն ու Հու Ջինթաոն շնորհավորական ուղերձներ են փոխանակել ապրիլի 6-ին երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի կապակցությամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է չինական «Սինխուա» գործակալությունը: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները զարգացում են ապրել 20 տարիների ընթացքում` խորացնելով եւ ամրապնդելով փոխադարձ ըմբռնումը եւ արդյունավետ համագործակցությունը գյուղատնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների ոլորտներում եւ առեւտրային կապերում»,-նշել է Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն:
Նա նաեւ շեշտել է, որ երկու ժողովուրդները ակտիվորեն ներգարվված են միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցություններում, որն էականորեն պաշտպանում է ընդհանուր շահերը:
Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ 20 տարիների ընթացքում 2 երկրների միասնական ջանքերի շնորհիվ երկկողմ համագործակցությունը անընդհատ զարգացել է քաղաքական, տնտեսական, արդյունաբերության, տեխնոլոգիայի, մշակույթի, սպորտի եւ կրթության ոլորտներում: «Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելը մշտապես եղել է Հայաստանի գերակայություններից մեկը: Մեր երկիրը բարձր է գնահատում Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը` աշխարհի խաղաղության պաշտպանության հարցում»,-նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ ավելացրել է, որ Հայստանը կցանկանար շարունակել աշխատել Չինաստանի հետ միջազգային կառույցների շրջանակներում` խթանելով երկկողմ հարաբերությունները` ի շահ երկու ժողովուրդների:
Այս առիթով երկու երկրների ԱԳ նախարարները ապրիլի 6-ին եւս շնորհավորական ուղերձներ են փոխանակել:

← Վերադառնալ ցուցակին