Լուրեր

ՀՀԿ առաջնորդն արմավիրցիներին վստահեցրեց, որ միասին հնարավոր է հասնել բոլոր խնդիրների լուծմանը

11.04.2012

 Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին այցելեց Արմավիրի մարզ, հանդիպեց Փարաքարի և շրջակա մի քանի համայնքների բնակիչների հետ: Հանրապետական կուսակցության առաջնորդը շնորհակալություն հայտնեց Արարատյան դաշտավայրի բնակիչներին իրենց աշխատասիրության համար:
«Այստեղ հավաքված երեխաներն, արդյոք, որևէ կերպ տարբերվում են Երևանի իրենց տարիքի երեխաներից: Իհարկե, ո’չ: Եվ պետք է աշխատել, որպեսզի հետագայում ամբողջությամբ վերանա որևէ տարբերության մասին խոսքը: Երևանի հարակից համայքներում նույնպես պետք է գործեն այն նույն մակարդակի դպրոցներ, հիվանդանոցներ, ինչ Երևանում»,- ասաց Սերժ Սարգսյանը` կարևորելով այդ նպատակին հասնելու համար բնակչության հավատն առ այն ամենն, ինչ արվել է այս տարիների ընթացքում:
«Մեզանից հետո այստեղ կգան տարբեր այլ քաղաքական ուժեր, ու նրանց մեծ մասը ձեզ հավաստիացնելու է, թե խորհրդարանում մեծամասնություն կազմելուց հետո կրկնապատկելու են թոշակներն ու աշխատավարձերը, տրամադրելու են անտոկոս վարկեր: Սակայն դրանք կարող են լինել միայն խոստումներ և երբեք չեն կարող կյանքի կոչվել»,- ընդգծեց Հանրապետական կուսակցության առաջնորդը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Փարաքարի, Մերձավանի ու Մուսալեռի համայնքների բնակչությանը հինգ տարի առաջ ՀՀԿ-ին վստահելու համար ու հորդորեց այս անգամ ևս կանգնել հանրապետականների կողքին:
«Մենք գիտենք ու հասկանում ենք բոլոր այն խնդիրները, որոնք ունեք դուք ու մենք կարող ենք միասին հասնել դրանց բոլորի լուծմանը»,- վստահեցրեց Սերժ Սարգսյանը:
Փարաքար այցելության ընթացքում նախագահը նաև ծաղկեպսակ դրեց արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին, ծանոթացավ Փարաքարի արվեստի քոլեջի սաների աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին