Լուրեր

Զգալիորեն համալրվում է մայրաքաղաքի լուսավորվող փողոցների, բակերի ու այգիների քանակը

16.04.2012

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին, աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջաններին, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվ մասնակցության համար. <<Համատեղ, համակարգված ուժերով մենք, ըստ էության, ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք <<Կանաչ Երևան>> ծրագրի համար: Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ շաբաթօրյակին ներգրավվել էին բազմաթիվ երևանցիներ`մեծից փոքր, ովքեր հենց իրենց բակերում իրականացրին շաբաթօրյակն ու ծառատունկը: Հատուկ շնորհակալություն հենց նրանց, որ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքի հանդեպ սերը միայն բառերով չի արտահայտվում: Վստահ եմ, որ, նման հոգատարությամբ առաջնորդվելով, կարճ ժամանակ անց մենք կունենանք մեր բոլորի երազած կանաչ, մաքուր ու բարեկարգ Երևանը>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել նորատունկ ծառերի հետագա խնամքին:Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում Երևանն առավել գրավիչ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև կամարանցումներ նկարազարդելու գործընթացը:
Զեկուցվել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների, բակային տարածքների և այգիների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Երևանի զարգացման ծրագրով միայն այս տարվա ընթացքում գիշերային լուսավորությամբ կապահովվի ևս 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի:Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի այս տարվա ծրագրով նախատեսված ճանապարհաշինական խոշոր ծրագրերը: Այս համատեքստում Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ճանապարհաշինական ծրագրերի, ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու աշխատանքների որակին. <<Հսկողությունը պետք է լինի ամենօրյա ոչ միայն կենտրոնական և երկրորդական փողոցների մասով, այլև լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաև բակային տարածքներում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակին>>,-շեշտել է քաղաքապետը:Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրվել մայրաքաղաքի երթուղիներն սպասարկող բոլոր նոր ավտոբուսները GPS համակարգով և WiFi կապով համալրելու հարցին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու և պայմանագրային պարտավորությունները կատարելու խնդրին:
Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու <<Կարապի լիճ>> ջրավազանը: Ի դեպ, քաղաքապետի հանձնարարությամբ շուտով Երևանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն <<Կարապի լիճ>>, և մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող կարապներով:
Զեկուցվել է նաև, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները ևս կավարտվեն սահմանված ժամկետներում և կգործարկվեն մայիսի 1-ին:
 

← Վերադառնալ ցուցակին