Լուրեր

Ամերիկահայերը Սպիտակ տան դիմաց հորդորել են Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

24.04.2012

Մեծ Վաշինգտոնի (Greater Washington) հայ համայնքը Սպիտակ տան առաջ բողոքի ցույց է կազմակերպել եւ հորդորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել իր խոստումը եւ պատշաճ կերպով բնութագրել երիտթուրքերի կողմից 1.5 մլն հայերի սպանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վաշինգտոնի ամերիկահայությունը իրականացրել է այս հորդորը Սպիտակ տան առաջ, նախքան ապրիլի 24-ին Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նախագահ Օբամայի ամենամյա ելույթը: «Նախագահ Օբաման այն ժամանակ որպես սենատոր եւ նախագահի թեկնածու խոստացավ կանգնել Ցեղասպանության ճանաչման կողքին: Հետո, ժամանակ անց, նախագահ Օբաման դիմեց դատարկ հռետորության, ավելին, ճնշեց Հայաստանին աջակցել հայ-թուրքական արձանագրություններին, որը անցյալի սեւ էջեւրը քողարկելու Թուրքիայի վերջին մարտավարությունն էր իր զինանոցում: Սակայն, դեռեւս ուշ չէ Օբամայի համար: Նա հնարավորություն ունի ապրիլի 24-ին սխալների ուղղում կատարել` ճանաչելու 1.5 մլն հայերի սպանությունները որպես Ցեղասպանություն»,- նշել է ԱՄՆ հայ երիտասարդների միության «Անի» մասնաճյուղի ղեկավար Թեւին Փոլադյանը: Բողոքի ակցիային մասնակցել են Կալիֆորնիա նահանգի Վիսալիայի քաղաքագլուխ Էմմի Շուքլյանը: Վերջինս ցույցի ժամանակ Օբամային արած իր հայտարարություններում շատ պարզն նշել է. «Ճանաչեք Ցեղասպանությունը ինչպես կա, պրն. Օբամա»: Մեծ Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնաժողովի անդամ Ջեք Բուրնազյանը եւս հորդորել է նախագահ Օբամային պահպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր սկզբունքները եւ դառնալ հզոր նախագահ` ճանաչելով հայերի Ցեղասպանությունը: Բուրնազյանը մանրամասն խոսել է թուրքերի ձեռքերով իրականացված մշակութային ցեղասպանության մասին` մեջբերելով հայկական դարավոր եկեղեցիների ընթացիկ ոչնչացումները եւ մատնանշելով այն անհրաժեշտությունը, որ Թուրքիան ոչ միայն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սյլ նաեւ փոխհատուցի հայ տառապյալ ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին