Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների ղեկավարների հետ

25.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արևելյան մատարվեստների հայաստանյան ֆեդերացիաների ղեկավարներին՝ ողջունելով նրանց կողմից վերջերս ստորագրված հուշագրի նախաձեռնությունը և հայտնել մայրաքաղաքում սպորտի զարգացմանն աջակցելու քաղաքապետարանի պատրաստակամությունը։
Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ստորագրված մարզական հուշագիրը, համաձայն որի` մասնակից ֆեդերացիաները միասնական ուժերով հետամուտ են լինելու նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում ռազմահայրենասիրություն սերմանելուն, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների և Արցախյան պատերազմում զոհվածների երեխաների համար անվճար մարզումներ կազմակերպելուն:
Մարզական ֆեդերացիաների ղեկավարները շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին աջակից լինելու պատրաստակամության համար, համոզմունք հայտնելով, որ հուշագիրը նպաստելու է պատանիների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանն ու սոցիալական խմբավորումներից զերծ պահելուն: <<Սպորտը որոշակի հոգեբանություն է ձևավորում՝ կամք, ընկերասիրություն, ինչու չէ, նաև համբերատարություն՝ նպատակին հասնելու համար: Դուք պատվով եք ներկայացրել Հայաստանը տարբեր երկրներում, և եթե այսքան ֆեդերացիաներ մի հուշագրի շուրջ ձեռք են սեղմել, համոզված եմ, ձեր նախաձեռնությունը նպատակին կծառայի: Քաղաքապետարանը, ի դեմս վարչական շրջանների, մշտապես բաց ու պատրաստակամ է աջակցելու ձեր միասնականությանը>>,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պատվոգրերով է պարգևատրել արևելյան մարտարվեստների 12 ֆեդերացիաների ղեկավարների՝ մարզաձևերի տարածման և զարգացման գործում մեծ ավանդ ներդնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին