Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչներին

25.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Ցանկանում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ասորական համայնքը Հայաստանում իրեն լավ զգա: Համայնքի բոլոր խնդիրները գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի դուք ձեր հոգևոր մշակութային կյանքը մեր երկրում կարողանաք կազմակերպել առանց որևէ խոչընդոտի»: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն ընթացիկ տարում կրկնապատկել է ասորական համայնքին տրամադրվող ամենամյա ֆինանսական օժանդակությունը:
Ասորական համայնքների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Երևանում Ասորի ժողովրդի 1915թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանն օժանդակելու և մեր երկրի ասորական համայնքի խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:
Ասորական համայնքների ներկայացուցիչները վարչապետի օժանադակությունն են խնդրել՝ Համաշխարհային ասորական միության կոնգրեսն աշնանը Երևանում կազմակերպելու համար, ինչին կառավարության ղեկավարը դրական է արձագանել:

← Վերադառնալ ցուցակին