Լուրեր

ՀՀԿ գործադիր մարմնի ուղերձը կուսակցության բոլոր անդամներին

25.04.2012

 Հարգելի´ կուսակիցներ,
Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաև այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 13-րդ համագումարում նշում էր. «Հավատը նաև մշտական սնուցում է պահանջում: Ամեն մի նոր փոփոխությունը ինքնին հավատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Ուրեմն նաև փոխենք, որ հավատանք: Մեր պետության ու հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից, և որոնք շարունակվում են իներցիայով: Փոխել` նշանակում է առաջին հերթին հաղթահարել այդ իներցիան և արմատավորել նոր ավանդույթներ: Սա վերաբերում է մեր կենսագործունեության բոլոր ասպարեզներին` սկսած փողոցային երթևեկությունից, վերջացրած ընտրություններով: Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք…»
Մենք փոփոխությունները սկսում ենք ոչ թե ընտրություններից հետո, այլ հենց հիմա: Այսօր` ապրիլի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմինը հաստատեց ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Խորապես համոզված ենք, որ մեր կուսակցությունն է, որ պետք է առաջինը կատարեր այդ քայլը: Լավ գիտակցելով, որ ոչ բոլոր կուսակցությունները կմիանան դրան, մենք, միևնույն է, գնացինք այդ քայլին և հավատարիմ ենք մնալու մեր որոշմանը: Հայաստանում ապրող բոլոր սերունդները` ահել թե ջահել, պատմական պարտավորություն ունեն արմատավորելու քաղաքակիրթ հանրությանը վայել ընտրական ավանդույթներ:
Մենք կոչ ենք անում բոլոր հանրապետականներին մանրամասն ուսումնասիրել կանոնները և գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Քննարկե´ք դրանք ձեր կուսակից ընկերների հետ, դարձրե´ք այդ կանոնները ձեր աշխատաոճի հիմնական բաղադրիչը: Մեզանից յուրաքանչյուրը այս կանոնները պետք է դիտարկի որպես իր առաջնահերթ պարտքը թե´ երկրի և թե´ կուսակցության առջև: Մեր կուսակցության կողմից ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար այս կանոնների կարևորության գիտակցումը առաջնահերթ է: Մենք հաստատակամ ենք ազատել մեր շարքերը նրանցից, ովքեր այս հանձնարարականը պատշաճ չեն իրականացնի:
Մոտենում է Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մենք բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց և շնորհավորենք իրար ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլև նոր որակի ընտրությունների կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին