Լուրեր

Կառավարությունն իրականացնում է առողջապահության բնագավառի զարգացման մի շարք ծրագրեր

26.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհամոնիկ մեծ համերգասրահում մասնակցել է Տղամարդկանց առողջության 8-րդ միջազգային կոնգրեսի բացմանը: Կառավարության անունից ողջունելով կոնգրեսի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Կոնգրեսը Երևանում, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների աջակցությամբ: Առողջապահությունը գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում և մենք այսօր իրականացնում ենք մեծամասշտաբ մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով այս բնագավառի մի քանի ոլորտներում Հայաստանը դարձնել առաջատար երկիր: Դա նշանակում է, որ Ձեր համագործակցությունը կօգնի մեզ վեր հանել մեր երկրում առկա համեմատական առավելությունները, մտավոր և գիտական ներուժը, որոշելու համար, թե ինչպիսի ներդրումներ պետք է կատարի կառավարությունը՝ առողջապահության հետագա զարգացման աշխատանքները կազմակերպելու համար»:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առողջապահության բնագավառի մասնագետների այս հանդիպումը թույլ կտա ամրապնդել փոխադարձ կապերը և մշակել ոլորտի զարգացման նոր ուղղություններ:
Կոնգրեսին մասնակցում են 1500-ից ավելի մասնագետներ՝ ԱՊՀ երկրներից, Հունգարիայից, Չեխիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ պետություններից:

← Վերադառնալ ցուցակին