Լուրեր

Սերժ Սարգսյանը համոզված է, որ աղքատությունն է հայ հասարակության գլխավոր թշնամին

26.04.2012

Հայ հասարակության մեջ բուն դրած հիմնական թշնամին աղքատությունն է, և չի կարելի անտարբեր անցնել այդ խնդրի կողքով: Ապրիլի 26-ին հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նոյեմբերան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ աղքատության դեմ հաղթանակի հիմնական լուծումը թաքնված է համատեղ աշխատանքի ու փոխվստահության մեջ:

«Տեղի բնակիչները աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ ու ազգային հատկանիշների պահպանությամբ: Սակայն ցավով ենք արձանագրում, որ կան մարդիկ, ում քրտինքով աշխատած գումարը չի բավարարում իրենց ընտանիքների հոգսերը հոգալու համար: Այդ նպատակով մենք փորձ ենք անում խրախուսել գործարարներին ներդրումներ կատարելու հեռավոր շրջաններում»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ դա կնպաստի երկրի տնտեսական ցուցանիշներ աճին ու աշխատատեղերի բացմանը Հայաստանի հեռավոր շրջանների բնակիչների համար:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ խնդիրները լուծում ստանան մեկ օրում: Սակայն նման կախարդական դեղատոմսը մենք չունենք և այդպիսին չունի ոչ մեկ: Սակայն մենք ունենք գաղափար, որն աշխատելու է մոտակա հինգ տարիների ընթացքում: Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրում այդ գործընթացը տևել է տասնամյակներ, քանի որ այդ ճանապարհը ոլորապտույտ է ու բարդ: Ի ուրախություն մեզ, մենք արդեն անցել ենք ամենաբարդ` հիմնական հատվածը»,- իր խոսքում ընդգծեց ՀՀԿ առաջնորդը` նշելով, որ այդ ծրագրերի մի մեծ մասը կյանքի կոչման ճանապարհին են, իսկ մյուսները սպասում են համապատասխան ներդրումների:

«Հավատում ենք, որ դրանք ավարտել մեզ կհաջողվի ու նվազագույն խնդիրները լուծված կլինեն շատ մոտակա շրջանում: Մենք պատասխանատվությամբ ենք խոսում, քանի որ մենք հավատում ենք մեր կարգախոսներին ու մեր առջև դրված խնդիրների լուծմանը»,- ամփոփեց ՀՀԿ առաջնորդը:

Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպեց Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ և Վարագավան համայնքների բնակչության հետ:

← Վերադառնալ ցուցակին