Լուրեր

«Մեր ապագան ճիշտ կադրային քաղաքականության մեջ է». ՀՀԿ առաջնորդ

26.04.2012

Արագացված կադրային փոփոխությունները կարող են միայն դրվագային դրական ազդեցություն ունենալ. պետք է մշակել ճիշտ կադրեր` երկարատև ու որակյալ աշխատանքի համար: Ապրիլի 26-ին Իջևան քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Մենք մեծ քայլերով գնալու ենք առաջ շնորհիվ փոփոխությունների, որոնք պետք է տեսանելի դառնան օր օրի, ամիս առ ամիս, և այդ դրական փոփոխությունների հիմնաքարը դրվելու է խորհրդարանական ընտրություններով»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Խոսելով հիմնական նպատակների մասին` Սերժ Սարգսյանն անդրադարձավ ճիշտ կադրային քաղաքականությանը, որում անընդունելի համարեց արագացված ու ժամանակավոր փոփոխությունները:

«Քաղաքական սերնդափոխությունը, որքան էլ բնական, այնպես էլ կողմնակի ջանքեր է պահանջում: Երկարատև արդյունք ապահովելու համար մեզ հարկավոր է նոր բարձրորակ կրթություն, կառավարման հստակ ապարատ ու համապատասխան սոցիալական փաթեթներ պետծառայողների համար»,- նշեց ՀՀԿ առաջնորդը` վստահեցնելով, որ միայն նման պայմաններում ձևավորված պաշտոնյան կկարողանա ապահովել համապատասխան փոփոխություններ ու պահանջների կատարում:

«Որակյալ կադրերի ընտրության շնորհիվ մենք նաև կապահովենք մեկ այլ կարևոր կողմ, ինչպիսին է քաղաքական ուժի հեղինակությունը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին