Լուրեր

ԵԺԿ փոխնախագահը ՀՀԿ-ի երիտասարդներին կոչ է արել լինել ավելի նախաձեռնող

27.04.2012

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները ապրիլի 27-ին հանդիպեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, հանդիպման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով հյուրին իր շնորհակալությունը հայտնեց երիտասարդների հետ առանձին հանդիպում ունենալու համար: Օրեհան նշեց, որ շատ տպավորված և ոգևորված էր ՀՀԿ երիտասարդների հետ իր նախորդ հանդիպումից և առաջարկեց այս անգամ ևս հարցուպատասխանի ձևաչափով շարունակել զրույցը:

Հանդիպման ժամանակ մասնակիցներն անդրադարձան մի շարք հարցերի, այդ թվում առանձնացնելով եվրոպական արժեքների ճգնաժամը, որն, Օրեհայի խոսքով, մարդկանց մեջ է և բնորոշվում է որպես անձնական գործելակերպի ճգնաժամ: Առանձնացվեցին Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Ժողովրդավարության մասին խոսելիս ԵԺԿ փոխնախագահը հաստատեց այն դիտարկումը, որ կատարյալ ժողովրդավարության մթնոլորտը տիրում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն ինքն է առաջին հերթին փոխվում' միևնույն ժամանակ աշխատելով ուղղել նաև «ժառանգած հիվանդությունները»:

Օրեհան նաև նկարագրեց ԵԺԿ-ի և ԵԺԿ-ի երիտասարդական կազմակերպության միջև համագործակցության եզրերը և ողջունեց այն փաստը, որ մոտ ապագայում նախատեսվում է ՀՀԿ երիտթևի անդամակցումը ԵԺԿ-ի երիտասարդական կազմակերպությանը:

Հանդիպման ավարտին Օրեհան կոչ արեց երիտասարդներին լինել ավելի նախաձեռնող և ակտիվ, քանի որ հենց երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը:

← Վերադառնալ ցուցակին