Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի և Լոռու մարզերում

27.04.2012

Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտել շինարարական աշխատանքների ընթացքը: Նախագահին ներկայացվել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի ստեղծման նպատակն է կազմակերպել տարածաշրջանային ուսումնական գերազանցության կենտրոն՝ տրամադրելով ազգային հարուստ կրթական ավանդույթներով և միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից որակյալ կրթություն, իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2014թ. ամռանը: Ընթացիկ տարվա հունիս ամսին կսկսվեն դպրոցի շինարարական լայնածավալ աշխատանքները: Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախագիծը ծրագրված է ավարտել 2016թ.: Դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար:

Աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի, Դիլիջանի քաղաքային գրադարանի, «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքի մասին:

Քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նորակառույց, ժամանակակից հարմարություններով ապահովված Դիլիջանի թանգարանային նոր շենքի պայմաններին, դիտել թանգարան-պատկերասրահում պահվող ստեղծագործություններն ու դարերի վաղեմություն ունեցող հնագիտական, ազգագրական ցուցանմուշները:

Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգված և ասֆալտապատված միջպետական ավտոճանապարհից Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհը, նշվել է, որ կառուցվել է ջրատար, գազատար, անցկացվել է հոսանքագիծ: Սերժ Սարգսյանը Հաղարծին եկեղեցական համալիրում ծանոթացել է եկեղեցու վերակառուցման աշխատանքներին ևս:

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահին զեկուցվել է մարզում 2012-2013թթ. իրականացվելիք գազաֆիկացման աշխատանքների մասին:

Տավուշի մարզից Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լոռու մարզ, որտեղ Հանրապետության ղեկավարի աշխատանքային այցը մեկնարկել է Վանաձորի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկա այցելությամբ: Նախագահը ծանոթացել է ֆաբրիկայում իրականացված աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Դեռևս 2009թ. Հանրապետության ղեկավարի նախորդ այցի ժամանակ իտալական «SARTIS» և հայկական «Գլորիա» ընկերությունները ներկայացրել էին համատեղ ծրագիր՝ ուղղված համագործակցության շրջանակների ընդլայնմանը, արտադրության ծավալների և աշխատատեղերի քանակի ավելացմանը: Ծրագրի իրագործման նպատակով ընկերության պատասխանատուները խնդրել էին Նախագահի աջակցությունը որոշակի խնդիրների լուծման գործում: Հանրապետության նախագահի աջակցությամբ ընկերությունը կարողացել է լուծել այդ խնդիրները: Այսօր արդեն ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ընկերության պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում արտադրությունը գործում է, ունի ավելի քան 450 աշխատող: «Գլորիա-Սարտիս»-ն արտադրում է եվրոպական շուկայում մրցունակ բարձր որակի հագուստ՝ միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշների և մի շարք այլ ընկերությունների համար: Ընդգծվել է, որ 2013թ-ից հետո ծրագրեր կան արտադրություններ կազմակերպել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ գերակայությունը տալով գյուղական համայնքներին:

Լոռու մարզի Արևաշող համայնքում Սերժ Սարգսյանին ներկայացվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի և մարզի գյուղական համայնքներում բնակարանային շինարարության ընթացքը:

Նախագահը մասնակցել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանամուտի արարողությանը, այցելել Արևաշող համայնքում բնակարանամուտը տոնող Թադևոսյանների ընտանիքին պատկանող նորակառույց տուն: Թադևոսյանների ընտանիքից բացի, բնակարանների հավաստագրեր են ստացել նաև Արևաշողի ևս 28 ընտանիք, իսկ նույն օրն ավելի ուշ հավաստագրեր կստանան ևս 13 համայնքի 170-ից ավելի ընտանիք:

Նախագահը Արևաշող համայնքում այցելել է համայնքային կենտրոնի շինհրապարակ ևս, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին