Լուրեր

ՀՀ վարչապետը ծանոթացավ Արագածոտնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին

30.04.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 30-ին այցելեց Արագածոտնի մարզում 2009թ-ին հիմնադրված «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություն, ծանոթացել իրականացվող ներդրումային ծրագրերին: Ընկերությունը ծրագրում է 180 հեկտար տարածքում կազմակերպել խաղողի վերամշակում, գինու և կոնյակի արտադրություն:

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2010թ-ին երեք տարի ժամկետով հետաձգել էր ընկերության կողմից ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի գումարի վճարումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության ղեկավար Արմեն Ասլանյանը, ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ ցանկապատվել է ամբողջ տարածքը, ձեռք են բերվել 30 միավոր գյուղտեխնիկա և մեքենաներ, մշակվել են հողատարածքները, որտեղ տնկվելու է 350 հազար խաղողի վազ և 7500 պտղատու ծառ: «Իտալացի մասնագետների կողմից լիովին ավարտվել են գործարանի շինության արտաքին բարեկարգման և համապատասխան պահեստների և ավտոտնակների շինարարական աշխատանքները»,- ասաց Ասլանյանը:

Ընկերությունն արտադրության կազմակերպման և սարքավորումների ձեռքբերման համար իրականացնում է 6.6 մլրդ դրամի ներդրում, որը հիմնականում ուղղվելու է նոր` իտալական և ամերիկյան արտադրության ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը, որոնց հզորությունները թույլ կտան վերամշակել տարեկան մինչև 6000 տոննա խաղող: Նախնական արտադրական փուլում նախատեսվում է տարեկան մթերել մինչև 3000 տոննա խաղող` վերամշակման արդյունքնում ստանալով մոտ 4200 լիտր գինու և 1850 լիտր կոնյակի հյութ, որը սկզբնական ժամանակահատվածում հնարավորություն կտա արտադրել մոտ 560 հազար շիշ գինի և 740 հազար շիշ կոնյակ: Ընկերությունն իր արտադրանքը նախատեսում է իրացնել ԱՄՆ-ի, ԱՊՀ-ի և ԵՄ-ի երկրներում:

Արմեն Ասլանյանի խոսքով` 2011թ-ի հուլիսին տեղացած հորդառատ անձրևներից և փոթորկից ընկերությունը մեծ վնասներ է կրել, սակայն վնասի վերականգնման աշխատանքները ներկայում շարունակվում են: Ծրագրի մեկնարկն, ըստ կանխատեսումների, նախատեսված էր 2011թ-ին, սակայն առաջացած խնդիրների հետևանքով ներկայում ժամկետները հստակեցվում են:

← Վերադառնալ ցուցակին