Լուրեր

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակվում է

22.06.2012

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորները շարունակեցին նախորդ օրը ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ մտքերի փոխանակությունը:

Քննարկվող հարցի վերաբերյալ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: Պատգամավորը նկատեց, որ ներկայացված փաթեթում ամրագրված արտոնագրային վճարների համակարգը հնարավորություն կտա մանր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին կանխատեսելի եւ ճկուն դարձնել իրենց գործունեությունը: Բացի այդ` սահմանամերձ համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր: Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված օրինագծերի փաթեթին:

Քննարկման ավարտից հետո փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հաշվի առնելով խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից գործունեության դադարեցման դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկը եւ նպատակ ունենալով խրախուսել գործունեություն իրականացնողներին` շարունակելու իրենց գործունեությունը` կառավարությունն առաջարկում է պետական տուրքի չափը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար որոշել տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է թույլատրել` այս տարվա ընթացքում Սեւանա լճից կատարելու հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրառ` ոռոգելու համար հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:

Անդրանիկ Անդրեասյանը նկատեց, որ տարեսկզբին կանխատեսվել էր ջրառատ տարի, սակայն սպասումները չեն իրականացել:

Ի պատասխան պատգամավորների հարցադրումների հիմնական զեկուցողը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սեւանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների եւ առանձնատների փրկության համար: Նա տեղեկացրեց, որ նախատեսվող 150 մլն խմ ջրառը լճի մակարդակը կնվազեցնի ընդամենը 10-12 սմ-ով, ինչն այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ:

← Վերադառնալ ցուցակին