Լուրեր

Երևանի քաղաքապետն ու Մարսելի քաղաքային համայնքի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

25.06.2012

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելիի հետ:Շնորհակալություն հայտնելով քաղաքային համայնքի նախագահին ընդունելության համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Մարսելի հետ 20-ամյա համագործակցությունն ու ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները: Երևանի մասին հակիրճ տեղեկություններ ներկայացնելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ Հայաստանի մայրաքաղաքն այսօր լուրջ բարեփոխումներ է իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ ` նպատակ ունենալով ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել գործարար միջավայրը։Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, ծրագրերի իրագործման հնարավորությունների առումով, Երևանի բիզնես դաշտը բավականին գրավիչ է, հավելելով, որ քաղաքապետարանը մշակել է խոշոր ներդրումային առաջարկ-ծրագրեր և պատրաստ է համագործակցել մասնավոր հատված-պետություն գործընկերային սկզբունքով։<<Քաղաքային իշխանությունները, իրենց իրավասության շրջանակում, պատրաստ են աջակցել բոլոր ներդրողներին, ինչպես ներդրումային ծրագրերի նախապատրաստման, այնպես էլ հետագա աշխատանքներում։ Հաշվի առնելով մեր քաղաքների ջերմ և բարեկամական հարաբերությունները` մենք ուրախ կլինենք, Մարսելի քաղաքային համայնքի աջակցությամբ հնարավոր դարձնել ֆրանսիական ընկերությունների առավել ակտիվ ներգրավվածությունը մեր ներդրումային ծրագրերում>> - նշել է Տարոն Մարգարյանը և Օժեն Կազելիին է փոխանցել Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկների փաթեթը:Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելին իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել է, որ բարեկամական կապերը իսկապես պետք է լինեն շատ ամուր, այդ թվում նաև բիզնեսի ծավալման ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ընդլայնման համատեքստում:<<Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի շահագրգռենք ֆրանսիացի գործարարներին մեր բարեկամ քաղաքում ներդրումներ կատարել: Համոզված եղեք, որ մենք ևս շատ բարձր ենք գնահատում Երևանի հետ համագործակցությունն ու բարեկամությունը և մենք նույնպես պատրաստակամ ենք ընդլայնել մեր համագործակցությունը>> - նշել է Օժեն Կազելին:Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն իսկ հանդիպել է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, և նրանց ևս ներկայացրել է ներդրումային առաջարկների փաթեթը: Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ նպատակային քայլերի արդյունքում երկուստեք համագործակցության ընդլայնման ծրագրերն առավել առարկայական կդառնան` ի շահ երկու բարեկամ քաղաքների:


 

← Վերադառնալ ցուցակին