Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

26.06.2012

Երևանի ավագանու հունիսի 26-ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաև տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։Այնուհետև Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել <<Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում>> ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագծին։
Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ>> որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել, համաձայն որի որոշմամբ նախատեսված շենք-շինություններն ու հողամասերն ուղիղ վաճառքի ձևով օտարումն առաջարկվում է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքի եռապատիկի չափով, ինչպես նախատեսված է որոշման նախագծում, այլ կադաստրային արժեքով։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է քվեարկությամբ հաստատել ներկայացված որոշման նախագիծը, իսկ ԲՀԿ խմբակցության առաջարկությունը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որի եզրակացության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն։ Օրակարգի այս հարցի վերաբերյալ ընդունված որոշմանը ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել։Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող մի շարք շինություններ անհատույց օտարելու, ինչպես նաև գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերին ու հավանություն է տվել Երևան քաղաքի ենթակայության մի շարք կազմակերպություններ վարչական շրջանների ղեկավարների ենթակայության հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին որոշման նախագծին։
Այդպիսով, Երևան քաղաքի ավագանին ավարտել է 7-րդ նստաշրջանի աշխատանքները։ Ամփոփելով նստաշրջանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Ավագանու 8-րդ նստաշրջանը կմեկնարկի 2012թ. սեպտեմբերի 11-ին։
 

← Վերադառնալ ցուցակին